Hetq.am— Զոհված տղերքի մասին նյութեր գրելը հեշտ չէ: Առանց էմոցիաների հնարավոր չէ տողը կառուցել, նույնիսկ եթե տարեթիվ ու վայր ես նշում: Թվերի ու վայրերի միջով այդ տղերքի կենսագրությունն է անցնում:
Կապանի մշակույթի կենտրոնի շենք ենք բարձրանում կապանցի պարուսույց Էրիկ Քոչարյանի հետ: Պարի դասասենյակի դուռն է բացվում, Նորոյի՝ Նորիկ Գասպարյանի (1996-2016 թթ.) լուսանկարն է պահարանում: Նորոն խաղաղ նայում է, ժպիտ կա դեմքին: Նրա ընկերներն են դասասենյակում: Էրիկը նստում է պահարանի մոտ: Պահարանում «Պարի աստղեր» խմբի մրցանակներն են՝ Նորոյի լուսանկարի մոտ, պատվոգրեր ու փոքրիկ օձ արձանիկ: Բանակ գնալուց առաջ Նորոն խնդրել է, որ այդ օձը դնեն պահարանում, ասել է՝ այդ օձի միջոցով բանակից կիմանա, թե ընկերներն ինչ են անում:
Պատին փակցված է «Պարի աստղեր»-ի մեծ պաստառը, որտեղ կա նաև Նորոն: Նայում ենք, ընկերներն ասում են՝ այդ ժամանակ խմբում երեք տղա էին:
Հասկանում եմ, որ խոսակցությունը դժվար է լինելու: Էրիկը հաճախ թեքում է հայացքը: Մինչ օրս չի հաշտվում ապրիլի 2-ի լույս 3-ին լսած լուրին: Ասում է՝ Նորոն հիմա էլ մեզ հետ է, Նորոյին հնարավոր չէ մոռանալ:
Կապանի «պարի աստղը». Նորոն
2007 թ.-ին Էրիկը պարի խումբ ստեղծելու համար մասնակիցներ էր փնտրում: Հայտարարություն էր տվել դրա համար: Առաջին արձագանքողը Նորոն էր: Էրիկը հիշում է, որ Նորոն հայրիկի հետ եկավ ստուդիա: Հայրն ասաց՝ թեև չի ուզում, որ տղան պարող դառնա, բայց Նորոն շատ է սիրում պար: Նորոն ընդունվեց «Պարի աստղեր» ստուդիա: 5 տարի ուսանելուց հետո ինքն էր արդեն պար սովորեցնում երեխաներին:
Ընկերները պատմում են, որ երբեք չէր վիճում իրենց հետ, հակառակը՝ հարթեցնում էր խմբի տարաձայնությունները: Ասում են՝ որտեղ Նորոն էր, այդտեղ ուրախություն էր:
Էրիկի խոսքով՝ տղաներն ուղղակի գալիս էին պարելու, իսկ Նորոն արմատներ էր գցում, ու երբ ինքը դասասենյակից բացակայում էր, Նորոն նոր բեմադրությամբ էր զբաղվում: Ամեն միջոցառման Էրիկին պիտի անակնկալ մատուցեր:
Ընկերները հիշում են, որ դասերից հետո պարի էին գալիս, և հաճախ էր պատահում, որ ընկեր Էրիկին էլ ճանապարհում էին տուն, ու իրենք խմբով շարունակում էին բեմադրությունը: Նորոն ժամանակակից պարեր էր սիրում, ժողվորդական պարերին էլ ժամանակակից շունչ էր հաղորդում:
Շարունակությունը՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: «Նորոյի հետ կապված այնքան երազանքներ ունեինք…». Ընկերները՝ զոհված զինծառայողի մասին