aravot.am- Լվովի ռինգում ադրբեջանցիները նախապես բերված մահակներով հարձակվել են հայ քունկֆուիստների վրա: Գլխավոր թիրախը եղել է ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանական 5 տանկ եւ 1 ՀՄՄ ոչնչացրած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրը, որը հաղթելիս է եղել ադրբեջանցի մրցակցին: Լվովում մայիսի 12-ից 15-ը ընթացող Քունկ Ֆուի Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, մեր հարեւանները հերթական ստոր սադրանքին են դիմել:
Հայաստանի հավաքականի անդամ, արցախցի Դավիթ Պետրոսյանի եւ ադրբեջանցու մենամարտի ավարտին, երբ արդեն ակնհայտ էր, որ հայ մարզիկը հաղթում է, մրցակցի մարտավկան փորձել է ռինգի կողքից հարվածել Դավթին: Նրան միացել է նաեւ պարտվողը՝ թիկունքից հարվածելով հայ մարզիկին: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչները եւ մարզիկները նախօրոք դահլիճ բերած մահակներով հարձակվել են մերոնց վրա եւ մեծ ծեծկռտուք է սկսվել, որին միջամտել են ոստիկանները: Ադրբեջանցիներն այնքան սանձազերծ են եղել, որ մահակով հարվածել են նաեւ Քունկ Ֆուի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, որը ցանկացել է մարմնով պաշտպանել հայաստանցի 12-ամյա մարզիկին:
[youtube https://www.youtube.com/watch?v=KEhPQQN4IWI?feature=oembed&w=848&h=636]
Ադրբեջանի պատվիրակությունն անվայել պահվածքի համար նկատողություն է ստացել եւ որակազրկվել է: Իսկ դրանից առաջ մեկ այլ հայաստանցի՝ Աշոտ Հարությունյանն էր պարտության մատնել ադրբեջանցուն:
[youtube https://www.youtube.com/watch?v=eHlAE3r1NFA?feature=oembed&w=848&h=636]
Source: Yerkir Media
Link: Ուկրաինայում ադրբեջանցիները մահակներով հարձակվել են հայ քունկֆուիստների վրա