Սերժ Սարգսյան. Կառավարության ներկայիս կազմը վայելում է իմ և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը
June 29, 2017
Կառավարությունն այսօրվա նիստը վարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա այցը կառավարություն պայմանավորված է Ազգային ժողովում գործադիրի ծրագրի հաստատմամբ:
«Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը, մեր խնդիրն է այդ շրջանն անցնել հնարավորինս անցնցում ու արդյունավետ», — բացման խոսքում ասաց նախագահը եւ մեկ անգամ եւս շեշտեց, որ կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է «իմ և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ մայիսի 8-ին խորհրդարանին ու հայ ժողովրդին հղած ուղերձում ինքը մանրամասն ներկայացրել է երկրի զարգացման իր տեսլականը, կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրները։
«Պետք է լինենք պահանջկոտ ու չբավարարվենք ձեռքբերածով, հակառակ պարագայում հեռուն չենք գնա», — ասաց Սարգսյանը։
Նա նշեց նաեւ, որ այժմ գտնվում ենք Սահմանադրության վերափոխման անցումայի շրջանում, իսկ դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարվեն բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, եւ այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար «անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը»: