ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը. գրում է РИА Новости-ն:
Ըստ նրա` այդ հարցը բարձրացնելը նշանակում է «սայլը կանգնեցնել ձիերից առաջ»:
«Այսօրվա դրությամբ տեսնում ենք իրավիճակի սրում, տեսնում ենք միջադեպերի խնդիրը: Հարկավոր է նախ լուծել այդ խնդիրը և գոնե նվազագույնի հասցնել միջադեպերի թիվը, նաև բանակցային սեղանի շուրջ բերել այն գործընթացը, որը գոյություն ունի, որովհետև այն, ինչ տեսնում ենք հիմա, բանակցային գործընթացի բացարձակ լճացում է»,- ասել է Մարկեդոնովը:
Ըստ քաղաքագետի՝ խաղաղապահների հարցը կարելի է իրագործել բանակցություններում դինամիկայի դեպքում:
Միեւնույն ժամանակ փորձագետն այս պահին չի տեսնում հնարավորություն, որ ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին:
«Ես հիմա հնարավորությունը չեմ տեսնում, որ Ստեփանակերտը ներգրավվի ինչ-որ դիրեկտիվային հրամանով: Սկզբունքորեն, տեսականորեն գուցե պետք է, քանի որ հարցը վերաբերում է այն մարդկանց, ովքեր այնտեղ ապրում են, և գուցե դա ճիշտ կլիներ»,- ընդգծել է նա:
Սակայն, ըստ քաղաքագետի, քաղաքական գործընթացներում տեսությունն ու պրակտիկան հաճախ չեն համընկնում, և դժվար թե Բաքուն դրական պատասխան տա այդ նախաձեռնությանը:
«Եթե հիմա ցանկանում եք վերսկսել բանակցային գործընթացը և այդ հարցն ուղղեք Ադրբեջանին, կստանաք «ոչ» պատասխանը»,- հավելել է նա:
Source: Yerkir Media
Link: «Սկզբունքորեն, գուցե, ճիշտ է, որ ԼՂՀ-ն ներգրավվի բանակցային գործընթացում». Սերգեյ Մարկեդոնով