Եվրոպական մի քանի պետությունների, նաեւ Միացյալ Նահանգների զինված ուժերի ներկայացուցիչներ ուրբաթ Օսլոյում խորհրդաժողով են անցկացրել, որի ընթացքումն էլ քննարկել են նաեւ «Ռուսաստանին զսպելու» քայլերը:
Խորհրդաժողովին մասնակցել է 11 պետություն՝ Գերմանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Նորվեգիան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Միացյալ Նահանգները: Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ խորհրդաժողովի նպատակն է խթանել բաց եւ անկեղծ երկխոսություն Հյուսիսային Եվրոպայի երկրների միջեւ, որպեսզի ամրապնդվի համագործակցությունը, իսկ խնդիրների առաջացման դեպքում կայունություն ու խաղաղություն լինի:
Նշենք նաեւ, որ այս տարի հոկտեմբերին ու նոյեմբերին Նորվեգիայի տարածքում կանցկացվեն 2002 թվականից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքի ամենամեծ զորավարժությունները: Իսկ Մոսկվայում արդեն խոստացել են պատասխանել դրանց դիվանագիտական եւ ռազմական միջոցներով:
Source: Yerkir Media
Link: Օսլոյում քննարկել են «Ռուսաստանին զսպելու» քայլերը