Ֆրանսահայ գործարարին արգելել են մուտք գործել Թուրքիա

Թուրքիայից արտաքսված ֆրանսահայ գործարար Ռիչարդ Դեմիրջիի նկատմամբ թուրքական պետություն մտնելու մեկ տարվա արգելք է սահմանվել: Ինչպես հաղորդում է Դեմիրջին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին է տեղեկացրել դեպքի մանրամասները:

«Ոստիկանությունը օդանավակայանի մուտքի մոտ անձնագրի ստուգում էր իրականացնում։ Մեր մեքենան կանգնեցրեցին, պահանջեցին ներկայացնել մեր անձնագրերը։ Ներկայացրեցի իմ ֆրանսիական անձնագիրը։ Սկզբում հարցրեցին՝ թու՞րք ես։ Բացասական պատասխան տվեցի։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- անմիջապես հարցրեցին ինձ։ Պատասխանեցի, որ Ֆրանսիայի հայ եմ։ Դրանից հետո ինձ իջեցրեցին մեքենայից։ Մոտ 10-20 ոստիկան մոտեցավ մեքենային, անիմաստ հարցեր սկսեցին տալ։ Նրանց ասացի, որ առևտրով եմ զբաղվում և երկրին եկամուտ եմ ապահովում։ «Գյավուրի փողից մեզ օգուտ չկա»,- ասացին ի պատասխան։ Հանդիմանեցի նրանց` ասելով․ «Ճիշտ չեք խոսում»։ Դրանից հետո ինձ ահաբեկիչ անվանեցին և օդանավակայանի կալանքի վայր տեղափոխեցին։ Այդ գիշեր այնտեղ եմ մնացել։ Առավոտյան ինձ տեղափոխեցին Քումքափըի օտարերկրացիների բաժանմունք։ Ապա որոշում կայացվեց ինձ երկրից վտարելու մասին»,- պատմել է Դեմիրջին։

Նրա որդին հայտնել է, որ օգոստոսի 1-ին տեղի ունեցած դատական նիստից հետո հորը Ֆրանսիա են ուղարկել:

«Դատից առաջ հորս ընկերներից մեկը փաստաբան է գտնել նրա համար։ Այդ փաստաբանը շատ է օգնել հորս։ Դատարանում հորս «միջազգային ահաբեկչի» մեղադրանքն է ներկայացվել։ Փաստաբանը առարկել է այս մեղադրանքը, որից հետո այն փոխարինվել է «ոստիկանի հետ վիճաբանության» մեղադրանքի, և հինգ տարով երկիր մուտք գործելու արգելք է սահմանվել։ Փաստաբանը բողոքարկել է նաև այս որոշումը, որից հետո դատարանը մեկ տարվա արգելք է սահմանել։ Հայրս, ով աշխատանքի բերումով ամիսը մեկ անգամ Թուրքիա էր գալիս, մեկ տարի չի կարողանալու այնտեղ մուտք գործել»։


Source: Yerkir Media
Link: Ֆրանսահայ գործարարին արգելել են մուտք գործել Թուրքիա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image