ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին: Նա լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ իր հայրը 90-ական թվականներից հետո զբաղվել է բիզնեսով:
Նրա հայրը երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, բիզնեսով զբաղվել է նաև Ուկրաինայում:
«Կարծում եմ՝ որևէ ապօրինի բան չկա դրանում: Հայրս բիզնեսով է զբաղվել, իսկ մայրս պետական աշխատող է՝ 1997-1998 թվականներից նախագահի աշխատակազմում, ապա՝ քաղծառայության խորհրդում, ապա կրկին նախագահի աշխատակազմում՝ կադրերի վարչության պետ, իսկ այս պահին արդեն վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության պետն է»,- ասել է Վանեցյանը:
Արթուր Վանեցյանն անձամբ բիզնես չունի․ «Վերջին երեք տարում հորս կազմակերպությունն ընդգրկված է եղել օրինապահ հարկատու համակարգում: Ունեմ եղբայր, ով ապրում է Ժնևում և բավական խոշոր գործարար է: Մանկապարտեզը, որը պատկանում է տիկնոջս, կառուցվել է եղբորս որոշակի գումարային աջակցությամբ: Մի մասը վարկային միջոցներ են ներգրավված, մյուս մասը եղբորս աջակցությունն է»,-ասաց Վանեցյանը:
Ճշտող հարցին ի պատասխան՝ նա տեղեկացրել է, որ վարդերի ներկումը ևս նրա հայրիկի բիզնեսն է:
Source: Yerkir Media
Link: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին