ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 11-ի օրվա ընթացքում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, և ներկայացրել հակառակորդի կողմից դրա խախտման մի շարք դեպքեր։
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է. «Մասնավորապես ժամը 11:40-ի սահմանում՝ մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17)՝ հայկական դիրքերի վրա արձակելով 10 կրակոց:
Ժամը 18:45-ի սահմանում կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է նաև Չայլու-Մատաղիս ուղղությամբ, որտեղ հակառակորդն օգտագործել է 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Նույն ժամանակահատվածում, ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ:
Առաջնային գծում տեղաբաշխված ղարաբաղյան ստորաբաժանումները ուշադիր հետևում են ռազմաճակատային զարգացումներին և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները»:
Source: Yerkir Media
Link: Ադրբեջանական կողմում որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ