Ադրբեջանի տնտեսական անկումը շարունակվում է, իսկ «Շահդենիզ-2» գազային խոշորագույն նախագիծը, որի միջոցով Ադրբեջանը մտադիր է գազ արտահանել Թուրքիա և Եվրոպա, սկզբնական շրջանում եկամտային մեծ մուտքեր չի խոստանում:
Միջազգային հեղինակավոր վիճակագրական Moodys Investors Service-ը նախորդ շաբաթ ներկայացրած զեկույցում նշել էր, որ նույնիսկ «Շահդենիզ-2» գազային խոշորագույն նախագծի գործարկման պարագայում, որը սպասվում է առաջիկա 1-3 տարիների ընթացքում (ըստ նախագծի` 2018-ից գազ է արտահանվելու Թուրքիա, իսկ 2020-ից` Եվրոպա) Ադրբեջանի եկամտային մուտքերը զգալիորեն չեն աճի:
Այսպիսով, ալիևյան վարչակարգի պնդումը, թե «Շահդենիզ-2» գազային նախագիծը երկրի տնտեսությունը փրկելու գլխավոր դեղամիջոցն է, այդքան էլ միանշանակ չէ:
Ադրբեջանի տնտեսության համար լուրջ հարված էր նաև «Ադրբեջանի միջազգային բանկի» սննկացումը, որի 3,337 մլրդ դոլարի չափով արտաքին պարտավորությունները պետությունը վերցրել է իր վրա:
«Ադրբեջանի միջազգային բանկի» ծանր իրավիճակը փրկելու համար Ադրբեջանի կառավարությունը 9,93 մլրդ մանաթի ակտիվներ է գնել, բացի դրանից բանկի իրացվելիությունն ապահովելու համար պետությունը բանկում դրել է 1,3 մլրդ դոլարի և 70 մլն մանաթի ավանդ:
2017-ին բանկի կապիտալի մեծացման նպատակով պետությունը բանկում ներդրել է 600 մլն մանաթի չափով ավանդ, սակայն, չնայած այս ամենին, բանկը շարունակել է կորցնել իր միջոցները:
Մինչև 2019-ը կատարած հաշվարկով բանկի պարտատոմսերի արժեքը նվազել է 15 տոկոսով:
Moodys-ի կանխատեսմամբ` Ադրբեջանն առաջիկա տարիներին ոչ միայն ՀՆԱ աճ չի գրանցի, այլև 2017-ին այդ երկրի ՀՆԱ-ն կնվազի 1 տոկոսով, իսկ 2018-ին 1,8 տոկոսով:
Պաշտոնական տվյալներով` 2017-ի առաջին եռամսյակում Ադրբեջանում փակվել է 9,1 հազար աշխատատեղ, որի մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին` 81 տոկոս:
Յուրաքանչյուր 100 փակված աշխատատեղերից 63-ը վերաբերում են ֆիզիկական անձանց:
Այսպիսով, Ադրբեջանում մոտակա տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում:
Source: Yerkir Media
Link: Ադրբեջանի տնտեսության անկումը շարունակվում է