Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցութուն են հայտնել կաթողիկոսը, Արցախի նախագահը, ՀՀ երրորդ նախագահը

Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել՝

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ «Շառլ Ազնավուրի մահը կորուստ է ողջ աշխարհի համար, քանզի նա իր համաշխարհային ճանաչումով ու արժեքով նաև ողջ մարդկության զավակն է, որին գիտեն, սիրում են և ում համար այսօր աղոթում են ամենուր: Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված մեծանուն հայորդու հոգու հանգստության համար»,

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ «Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին էր ներկայացնում Հայաստանն ու համայն հայությանը: Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր, անում էր հնարավորը համազգային խնդիրների անգնահատելի ավանդը բերելու ուղղությամբ»,

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել… Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ Այդ պատմությունը, այդ հրաշքը շարունակվում է և շարունակվելու է։ Ազնավուրի վառ աստղը երկնքից միշտ լուսավորելու է մեզ բոլորիս»,-մասնավորապես նշված է նրանց ուղերձներում։

 

 

Source: Yerkir Media
Link: Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցութուն են հայտնել կաթողիկոսը, Արցախի նախագահը, ՀՀ երրորդ նախագահը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image