ԱԺ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը
February 6, 2018
Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց 2017 թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծը:
«ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017 թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 7, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:
Հարակից զեկուցող, ՀՀ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՌուստամՄախմուդյանն ընդգծել է, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, քանի որ դրա վերնագրում խնդիր են տեսել, իսկ նախագծի հեղինակները չեն ընդունել վերնագիրը փոխելու իրենց առաջարկը:
2017 թ. հոկտեմբերի 5-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն Ազգային ժողովի միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: Արտաշես Գեղամյանն իր հերթին հերքում էր Նիկոլ Փաշինյանի վրաբռունցքներով հարձակվելու հանգամանքը: