Ալեքսանդր Ցինկեր. «Իսրայելը, հնարավոր է, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել»

August 4, 2016

Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերի համոզմամբ՝ հնարավոր է հասնել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել:

«Վերջին տարիներին արդեն 3-րդ անգամն է, ինչ Իսրայելի խորհրդարանում բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը: Նախկինում այն միշտ մնում էր հանձնաժողովներում՝ չստանալով հետագա ընթացք, սակայն այժմ չանցած մեկ ամիս՝ հանձնաժողովը քննարկում է այն եւ որոշում կայացնում ճանաչել 1915 թվականի սպանդը որպես ցեղասպանություն: Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի հանձնաժողովի կողմից ընդունված այդ բանաձեւի քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ գործընթացի այս փուլն անչափ կարեւոր է, եւ անհրաժեշտ է պատշաճ կերպով նախապատրաստվել հետագա աշխատանքներին:

«Պետք է ոչ միայն հստակ  աշխատանք տանել խորհրդարանի պատգամավորների, այլեւ հենց իսրայելական հասարակության շրջանում: Այժմ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ավելի ինտենսիվ լոբբինգ իրականացնելու համար, հատկապես երբ անցկացված սոցհարցումները միանշանակ վկայում են այս հարցում Իսրայելի քաղաքացիների աջակցության մասին: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի կառավարությունը պետք է իրոք աջակցի Իսրայելի հասարակական կազմակերպություններին, ովքեր ինքնուրույն փորձում են իրազեկել քաղաքացիներին հայ ժողովրդի ողբերգության մասին»,- ասաց նա:

Նախկին պատգամավորն առաջարկում է այդ նպատակով անցկացնել  բանավեճեր, կլոր սեղաններ,  ցուցահանդեսներ եւ երիտասարդական ֆլեշմոբեր:

«Այս պարագայում անհրաժեշտ է նպատակների իրագործման հստակ նախագիծ եւ փաստաթուղթ, քանի որ միայն հանրության գործունեությունը բավարար չէ: Չպետք է նստել եւ սպասել, որ հարցն ինքնուրույն կլուծվի:  Գաղտնիք չէ, որ այս որոշումը պայմանավորված չէ միայն բուն խնդրով: Այստեղ միանշանակ առկա են նաեւ տարածաշրջանային քաղաքականության հարցեր: Վերոնշյալ միջոցառումների անցկացումը, բնականաբար, ժամանակատար է, սակայն այդպես ավելի լավ է, քանի որ այս ժամանակահատվածում Իսրայելի ղեկավարները կհասցնեն եւս մեկ անգամ բացահայտել Թուրքիայի իրական դեմքը: Նրանք պետք է հասկանան, որ գոյություն ունի պատմական ճշմարտություն, եւ ոչ մի քաղաքական շահ չի կարող ստվեր գցել Օսմանյան Թուրքիայի կողմից մի ամբողջ ժողովրդի վերացնելու փորձի վրա»,-եզրափակեց Ալեքսանդր Ցինկերը:


Source: Yerkir Media
Link: Ալեքսանդր Ցինկեր. «Իսրայելը, հնարավոր է, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image