Ալեքսիս Օհանյանը քննադատել է Թրամփն եւ ներկայացրել իր փախստական ընտանիքի պատմությունը

January 31, 2017

Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրանտների ներհոսքը սահմանափակող հրամանագիրը համարում է «հակասահմանադրական և հակաամերիկյան»: Այս մասին Օհանյանը գրել է Reddit-ում հրապարակած բաց նամակում:

«Ի վերջո մենք ներգաղթյալների երկիր ենք: Տեխնոլոգիական ոլորտում մենք հաճախ խոսում ենք սթարթափերի «անարդար առավելության» մասին, որը թույլ է տալիս հաղթել մրցակիցներին: Իմիգրանտներին և փախստականներին ողջունելը մեր երկրի անարդար առավելությունն է: Ես՝ որպես իմիգրանտական ընտանիքից ձեռնարկատեր, կարող եմ ասել, որ դա նաև իմ առավելությունն էր: Ինչպես ձեզնից շատերը գիտեն, ես Գերմանիայից եկած չփաստաթղթավորված ներգաղթյալի ընտանիքից եմ և Հայոց ցեղասպանությունից փրկված փախստականների ծոռ»,- գրել է Օհանյանը:

Նկարագրելով իր ընտանիքի պատմությունը՝ Reddit-ի հիմնադիրը հիշեցրել է, որ շուրջ մեկ դար առաջ թուրք զինվորը որոշել է, որ Ալեքսիսի մեծ պապը դեռ երիտասարդ է սպանվելու համար, սակայն նրա աչքի առաջ սպանել է վերջինիս ծնողներին: «Տղային սպանելու փոխարեն նրան ուղարկել են որբանոց: Շատ հայեր, այդ թվում և իմ մեծ տատիկը ապաստան գտան Սիրիայում՝ Հալեպում: Երկուսը միավորվեցին Էլիս Այլընդի (Նյու Յորք-խմբ.) ճանապարհին»,- ներկայացրել է Օհանյանը: Նա նաև նկարագրել է ԱՄՆ-ում իր ընտանիքի հետագա պատմության մի շարք դրվագներ:

Ամփոփելով իր ուղերձը՝ Օհանյանը կոչ է արել ամերիկացի օգտատերերին Reddit-ի հարթակում ներկայացնել իրենց ընտանիքների միգրանտական անցյալի ու փորձառության մասին պատմություններ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 27-ին ստորագրած հրամանագրով 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար: Արգելքը վերաբերում է վերոնշյալ երկրների քաղաքացիների համար՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք ունեն բնակության իրավունք, Green Card կամ վիզա:


Source: Yerkir Media
Link: Ալեքսիս Օհանյանը քննադատել է Թրամփն եւ ներկայացրել իր փախստական ընտանիքի պատմությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image