ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհում առաջին ռոբոտը, որը վիրահատական որոշ գործողություններ մարդուց լավ է կատարում:
STAR (Smart Tissue Autonomous Robot) սարքը կազմված է ռոբոտացված ձեռքից եւ կար դնելու համար նախատեսված ավտոմատացված սարքից:
ԱՄՆ-ից գիտնականները STAR-ն առաջին անգամ փորձարկել են խոզերի վրա, քանի որ նրանց ներքին օրգանները մոտ են մարդկանց: Փորձարկումների ընթացքում հիմնականում հեռացվել են ուռուցքներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Financial Times-ին:
«Արդյունքներն ապշեցուցիչ էին մեզ համար, STAR-ի գործողություններն ավելի հստակ էին, քան վիրաբույժներինը»,- նախագծի բժշկական մասնագետի խոսքը մեջբերում է թերթը:
Ըստ նրա, չնայած ռոբոտը նախատեսված է ինքնուրույն աշխատանքը կատարելու համար, սակայն յուրաքանչյուր պահի վիրաբույժը կարող է միջամտել: Մեկ «քլիքը» կկանգնեցնի ռոբոտին:
Մասնագետների կարծիքով ռոբոտը մեծ պահանջարկ կունենա այնպիսի վիրահատություններում, ինչպիսիք են կույրաղիքի վիրահատությունը եւ լեղապարկի հեռացումը:
Թերթը նշում է, որ հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ կլինիկական փորձարկումները կսկսվեն մոտակա երկու-երեք տարիների ընթցքում:
Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ում ստեղծված ռոբոտ-վիրաբույժը մասնագետներից ավելի լավ է վիրահատում