Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի վրա ծախսվել է 15.6 մլն դոլար

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի ընդհանուր ծախսերը կազմել են 15.6 մլն դոլար: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ­ի տնօրեն՝ Գրիգոր Ամալյանը:

«Այդ ամբողջ գումարից 400 հազար դոլարը խնայողություններն են, 1.7 մլն դոլարը անվճար կցուրդ սարքերի արժեքն է, 11 մլնը տրամադրվել է սարքավորումներին, ենթակառուցվածքներին, տեխնիկական վերազինմանը, իսկ մնացածը` հարկեր, տուրքեր են, որոնք հետ են վերադարձել պետական բյուջե: Պետությունն իր սոցիալական ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում ընդհանուր 108 հազար ընտանիքի է ապահովել կցուրդ սարքերով, որոնք հաշվառված են եղել, իսկ ցուցակները կազմվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից: Եւս 2000 անվճար սարք տրամադրել ենք Արցախում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին»,­-նշեց նա:

Գրիգոր Ամալյանի խոսքով` թվային հեռուստատեսությունը կատարում է այնպիսի գործառույթներ, որոնք չէր կարող կատարել անալոգային հեռուստատեսությունը: «Թվային հեռուստատեսությունն այն նոր տեխնիկական ձեւաչափն է, որն արդեն հնարավորություն է տալիս սպառողին ստանալ տեղեկատվությունը իր համար հնարավորինս հարմարավետ ձեւով, իսկ անալոգային հեռուստատեսությունը հետ է մնում իր ժամանակային առանձնահատկություններից: Մեզ համար կարեւոր էր ինտերակտիվ բաղադրիչը, դա ժամանակի պահանջ էր: Օրինակ` մասնավոր կաբելային հեռարձակողներն ունեն timeshift­ի հնարավորություն, այդպես էլ նույնիսկ ամենաէժան կցուրդ սարքերը, որոնք առնվազն ունեն այդ հնարավորությունը`անհրաժեշտության դեպքում անմիջապես ուղիղ եթեր դիտելիս սեղմել դադար եւ այնուհետեւ նորից նույն տեղից շարունակել դիտել այդ ուղիղ եթերը»,­-եզրափակեց Գրիգոր Ամալյանը:


Source: Yerkir Media
Link: Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի վրա ծախսվել է 15.6 մլն դոլար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image