Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» վերաբերյալ նամակը կեղծ է՝ ՀՅԴ-ին վարկաբեկելու համար

Համացանցում տարածված նամակ-նկարը, թե 1918 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նամակ է ուղարկվել Օսմանյան կառավարության զինվորական մինիստր Էնվեր փաշային, Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով, կեղծ է։

Aysor.am-ի հետ զրույցում նամակը կեղծ որակեցին Ազգային արխիվի տնօրենը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Չեմ հանդիպել նման նամակի», – ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտոիտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ապա հավելեց. «Կարող է շինծու փաստաթուղթ լինել»։

«Դա կեղծիք է, այդպիսի բան չի եղել», – Aysor.am-ին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

Նա նշեց, որ այս նամակն ավելի վաղ՝ դեռևս խորհրդային ժամանակներում որոշ պատմաբանների կողմից մեկ անգամ դրվել է շրջանառության մեջ և իրականության հետ որևէ կապ չունի։

Վիրաբյանի խոսքով՝ այդ կեղծ նամակում նշված է, թե ստորագրողներից մեկը Քաջազնունին է, այնինչ այդ ժամանակ Քաջազնունին գտնվում էր Թբիլիսիում։

«Հուլիսի 19-ին է նա Թբիլիսիից շարժվել դեպի Երևան։ Այսինքն՝ այդ հեռագիրը լինել չէր կարող», – նշեց Վիրաբյանը։

Նամակում նշված է, թե ստորագրողներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր Արամ Փաշա Մանուկյանն է։ Սրա վերաբերյալ էլ Ամատունի Վիրաբյանն ասաց. «Արամ Փաշան երբեք զինվորական մինիստր չի եղել։ Այդ ժամանակ նա ընդամենը ներքին գործերի մինիստր էր և գտնվում էր Երևանում»։

Մյուս ստորագրողն, ըստ նամակի, Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ Սահակյանն է։

«Կառավարության խորհրդի նախագահ չէ, նա եղել է պառլամենտի նախագահ՝ օգոստոսի 1-ից», – ասաց Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով, թե այս նամակը կեղծիք է՝ առանց որևէ կասկածի։

Ազգային արխիվի տնօրենն ասաց, թե նախկինում էլ այս նամակը տարածել էին Դաշնակցությանը վարկաբեկելու համար։

«Քանի որ այդ ժամանակ՝ հուլիսի 17-ին, Սահակյանը և Քաջազնունին գտնվում էին Թբիլիսիում, Արամ Փաշան՝ Երևանում, հետևաբար՝ այդպիսի հեռագիր լինել չէր կարող», – կրկնեց Ամատունի Վիրաբյանը։

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ևս Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ նամակը կեղծ է։

«Բնականաբար, այս նախընտրկան շրջանում սա տարածվել է կուսակցությանը վարկաբեկելու համար», – ասաց Կիրո Մանոյանը։


Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը այս «նամակի» մասին.

Որոշել էի չանդրադառնալ այս անհեթեթությանը, բայց տեսնելով, թե ինչպես են նախընտրական այս օրերին այն ակտիվորեն տարածում ՀԱԿ-ՀԺԿ-ի, ՀՎԿ-ի և ՕՐՕ-ի զոմբիները (առայժմ այս շրջանակում եմ տեսել)՝ որոշեցի մի երկու խոսք ասել:

Նման փաստաթուղթ գոյություն չունի և չի ունեցել: Տարիներով այս կեղծ գրառումը շրջանառում են հակադաշնակցական թույնով մթագնածները ու երբ որևէ մեկին ասում ես ցույց տան արխիվային հիմքը՝ պոչները հետևներն են մցնում:

Չի կարելի այդքան ցածր լինել ու բորենիների խրախճանք կազմակերպել սա տարածելով ու էշություններ տակը մեկնաբանելով:
Հիմա ներկայացնեմ մի քանի փաստարկ.

1. Ցանկացած միաբջիջ ուղեղով անձ, անգամ մասնագետ չլինելով՝ կհասկանար, որ սա էշություն է լոկ մեկ բառից՝ «փաշա»: Գոյություն չունի գեթ մեկ արխիվային պաշտոնական փաստաթուղթ, որտեղ Արամ Մանուկյանն այդպես գրվեր: Թուրքահայաստանի գաղթականության որոշ մասի մոտ ընդունված ժողովրդական դիմելաձևը՝ թուրքական տիտղոսներով՝ երբեք տեղ չեն գտել պետական գրություններում:

2. Արամ Մանուկյանը ՀՀ զինվորական մինիստր չէր, այլ՝ ներքին գործերի նախարար:

3. Պաշտոնական գրություններում բացառվում էր, որ ում դիմում են՝ նրա անունը փոքրատառերով գրեին, իսկ դիմում գրողներինը՝ բացառապես մեծատառերով:

4. Բացառվում էր, որ պաշտոնական գրության մեջ Հովհաննես Քաջազնունու և Արամ Մանուկյանի անունների առաջնատառերը գրվեին, իսկ Ավետիք Սահակյանինը՝ ոչ:

5. Ավետիք Սահակյանը Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ չի եղել ։ Եղել է խորհրդի նախագահ։

6. ՀՀ անդրանիկ կառավարության կազմը հրապարակվել է 1918թ. հուլիսի 24-ին, չէր կարող 1918թ. հուլիսի 17-ին նման գրություն ծնվեր:

7. Այս կեծված փաստաթուղթը ստեղծվել է իմ հարգելի եւ սիրելի երջանկահիշատակ հայազգի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, սովետական քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի կողմից: Հարց կառաջանա՝ ինչու՞ է նման բան արել մեծանուն մասնագետը:

Չպետք է մոռանաք կամ պետք է գիտենաք, որ Ջոն Կիրակոսյանը ապրել ու գործել է ԽՍՀՄ տարիներին: Զբաղվելով պատմական այն շրջանով, երբ հայ քաղաքական կյանքում հեգեմոն դերակատարությունը ՀՅԴ-ինն էր, նա չէր կարող իր աշխատություններում հակադաշնակցական գրառումներ չանել, այլապես սովետական միության ժամանակ իր գրքերը չէին հրապարակվի և գրաքննադատությամբ կարգելվեին: Բացի դա, նա Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստր էր 1975 – 1985թթ-ին, հետևաբար, շփվելով Սփյուռքի հետ, ԽՍՀՄ-ում պետք է երևար որպես հակադաշնակցական, որպեսզի այդ շփումներում ՊԱԿ-ի կողմից կասկածներ չառաջանային, քանի որ սփյուռքում, հատկապես այդ տարիներին՝ Դաշնակցության դերակատարումը շատ մեծ էր ու ակտիվ:

Բայց լինելով գիտնական, նա այս ստեղծած կեղծ փաստաթղթում, կարծում եմ գիտակցաբար, թողնում է մեծ ու անթույլատրելի սխալներ ու կեղծումներ, որպեսզի ցանկացած միջին մակարդակի գիտնական, երբ առնչվի այդ գրառման հետ՝ տողատակում հասկանա դրա դատարկ և հորինված լինելը:

Կարող եմ էլի որոշ դիտարկումներ գրել, բայց բավարարվեմ այսքանով:

Հ.Գ. Ի դեպ, ներկայում բոլշևիկները վերացել են, բայց ինչպես տեսնում եմ, որոշ քաղաքական ուժերի մեջ ճտեր են թողել:
Մարդ եղեք, մարդ:

Ու ձեռքներդ հեռու Դաշնակցությունից, անլվաներ:

Source: Yerkir Media
Link: Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» վերաբերյալ նամակը կեղծ է՝ ՀՅԴ-ին վարկաբեկելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image