Անկարայում սրտնեղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձեւից, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը եւ կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն հայտարարել է, որ չեն ընդունում բանաձեւը:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը թուրքական կողմի հարձակման համար մեղավոր է հայտարարել Միացյալ Նահանգներին՝ ասելով. «Միջադեպը տեղի ունեցավ, քանի որ ԱՄՆ իշխանությունները հրաժարվեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ չնայած պաշտոնական նախազգուշացումներին: Չկա պատասխան այն հարցին, թե ինչու ԱՄՆ իշխանությունները անհրաժեշտ անվտանգության միջոցներ չձեռնարկեցին դեսպանի կեցավայրի դիմաց, ինչպես արել էին այցի մյուս հատվածներում»:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 25-ին միաձայն ընդունել է թիվ 354 բանաձեւը, որով դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը եւ կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության եւ քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձեւի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քեւին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) եւ դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ): Ամենայն հավանականությամբ, բանաձեւը ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի հունիսի սկզբին:
Ընդունված բանաձեւի տեքստում նշված է. «Ժամեր շարունակ տեւած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները եւ Թուրքիայի դեսպանատնից անձինք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելով ցուցարարներին»: Բանաձեւում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, եւ բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին: Բացի այդ, ինչպես ասված է բանաձեւում, Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի եւ այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», եւ սա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից:
Բանաձեւում կոչ է արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, եւ դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:
Source: Yerkir Media
Link: Անկարան սրտնեղել է ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովի հակաթուրքական բանաձեւից