Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են առաջարկվում
December 22, 2017
Փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների վարչական բեռը կթեթեւացվի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ այդ նպատակով Հայաստանի աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են առաջարկում: Գործատուները պարտավոր են իրենց աշխատանքային պայմանագրերը համապատասխանեցնել այն օրինակելի ձեւին, որը կսահմանի լիազոր մարմինը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Այսինքն` պայմանագրի օրինակելի ձեւը գործատուն կարող է ներբեռնել համապատասխան կայքից, լրացնել աշխատակցի տվյալները եւ այն պատրաստ է: Իրավաբան վարձելու համար ավելորդ ծախսերի անհրաժեշտություն չկա: Այս դեպքում կպարզեցվեն նաեւ վարչական մարմինների հետ հարաբերությունները:
Նոր նախագծով՝ «Ազգ-բանակ» հայեցակարգով առաջարկվում է նախապատվության իրավունքը տալ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Առաջարկը ստացվել է պաշտպանության նախարարությունից, քննարկվել միջազգային փորձագետների հետ:Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ներկայում արդարադատության նախարարությունում է: Նախատեսվում է հունվարին այն ներկայացնել կառավարությանը: