Արթուր Բաղդասարյան․ «Հայաստանի մայրաքաղաքում մարդիկ ապրում են բարաքներում»
March 27, 2017
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ Հեղինե Բիշարյանը եւ Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպել են Շենգավիթ համայնքի բնակիչների հետ: Նրանք վստահեցնում են՝ իրենց համար Շենգավիթը հարազատ համայնք է, որի դեմքը պետք է իրապես փոխվի, եւ բնակչությանը հորդորում՝ տեր լինել իր քվեին, դեմ դուրս գալ կաշառքներին:
«Գիտակցել սեփական պատասխանատվությունը հայրենիքի նկատմամբ»,- այս համոզմունքն ունենալով՝` նրանք երկրի առաջնահերթ խնդիրներից են համարում թոշակների բարձրացումը, ավանդների վերադարձը, աշխատատեղերի եւ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, նաեւ համայնքային բնակարանային շինարարությունը:
«Այսօր Հայաստանի մայրաքաղաքում մարդիկ ապրում են բարաքներում, որտեղ սանհանգույց չկա, որտեղ հինգը տնով մեկ սանհանգույցից են օգտվում: Այսօր Հայաստանում չկա պետական բնակարանային շինարարություն: Եթե մենք հաղթեցինք, ես պարզ հայտարարում եմ, Հայաստանում պետք է լինի պետական բնակարանային շինարարություն: Պետական բյուջեից հատված պետք է նախատեսել պետական, համայնքային եւ սոցիալական բնակ. շինարարության համար»,- ասել է ԱԺ պատգամավորի թեկնածու, «Հայկական վերածնունդ» դաշինք Արթուր Բաղդասարյանը:
«Այսօր գտնում ենք, որ Շենգավիթը պետք է լրջագույն ուշադրության առարկա դառնալ, Երեւան քաղաքում գրեթե չկա մի համայնք, որ այդքան ծանր սոցիալական ծանր վիճակում լինի, ինչպես Շենգավիթն է: Մենք իսկապես ուզում ենք հայրենիքում վերածնունդ, ուզում ենք համայնքներում վերածնունդ: Մեզ համար անընդունելի է, որ 21-րդ դարում, Երեւան քաղաքում մենք ունենք այսպիսի ծանր վիճակում ապրող համայնք»,- նշել է ԱԺ պատգամավորի թեկնածու, «Հայկական վերածնունդ» դաշինք Հեղինե Բիշարյանը: