«Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում Հայաստանն ունի ավելի շատ ավիափոխադրողներ և առաջիկայում սպասվում է միջազգային խոշորագույն ավիափոխադրողների մուտք երկիր: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:
«Այս ամենի արդյունքում գերիշխող դիրք ունեցող ռուսական ավիափոխադրողների համար մրցակցության դաշտ է ձևավորվելու»,— ասաց նախարարը՝ անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում ավիափոխադրումների ոլորտը Հայաստանում «ավերածությունների է ենթարկվել»:
Նախարարը հավելեց, որ առհասարակ ավիացիայի բնագավառում ենթակառուցվածքների բարելավման առումով շատ անելիքներ կան: Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, թե ինչո՞ւ է Վրաստանում ավիատոմսերի գներն ավելի էժան, քան Հայաստանում, երբ «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում Հայաստանում ավիատոմսերի գները պետք է նվազեին, Մինասյանը պատասխանեց.
«Ես կարող եմ ձեզ ներկայացնել Երևան, Բաքու, Թբիլիսի քաղաքների օդանավակայանների գները մեկ օդանավի հաշվով, որի արդյունքում դուք կտեսնեք, որ Հայաստանն ունի առավելություն գների առումով: Երբ մենք չենք տիրապետում այդ թվերին, կարող ենք տարբեր հայտարարություններ անել: Ես այս պահին ձեռքիս տակ չունեմ այդ թվերը, քանի որ չէի կարող կանխատեսել, որ դուք ինձ այս հարցը կտաք: Բայց ես խոստանում եմ հենց այսօր ձեզ ուղարկել այդ տեղեկատվությունը»,— ասաց Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ավիափոխադրումների առումով Հայաստանը զարգացման տեղ ունի, և դա ոչ ոք չի հերքում:
«Մեր օդանավակայան իջնող օտարերկրացին չպետք է հանդիպի անտարբեր կամ փող պահանջող սպասարկողի, միանշանակ է, սակայն, սրա մեղավորը «Բաց երկնքի» քաղաքականությունը չէ»,- եզրափակեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Source: Yerkir Media
Link: Արծվիկ Մինասյան. «Միջազգային հեղինակավոր ավիափոխադրողների մուտք է սպասվում Հայաստան»