Արցախի ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից հայատյացության մասին զեկույց կհրապարակի

September 18, 2017

Արցախի մասին ազատ խոսքի և դեպի Արցախ ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լինի: Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մարդու իրավունքները, որպես գաղափարախոսություն, որպես երևույթ, ի սկզբանե հանդիսացել են Արցախյան շարժման հենք: Եվ պատահական չէ, որ հենց սկզբնավորման փուլում շարժումը վայելել է միջազգային իրավապաշտպան համայնքի լայն աջակցությունը: Արցախի քաղաքացիների իրավունքները չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանափակվել նրանց քաղաքացիության կամ բնակության վայրի հիմքով, իսկ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքների դիրքերից»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

«Վերջին շրջանի ամենակարևոր իրադարձությունը ապրիլյան պատերազմն էր: Որպես նախադրյալ՝ մենք դիտարկում ենք հայատյացությունը: Դրա հետևանքներն այսօր դառնում են ավելի ու ավելի վտանգավոր: Հայատյացությունը լրջագույն խնդիր է»,- նշեց Ռուբեն Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ  շաբաթներ անց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհրապարակի Ադրբեջանի կողմից հայատյացությանը վերաբերող հերթական զեկույցը, որն Ադրբեջանի ռազմական հանցանքների և մարդու իրավունքների մասին է:

 

Source: Yerkir Media
Link: Արցախի ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից հայատյացության մասին զեկույց կհրապարակի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image