Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ, դատապարտելով ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու Ադրբեջանի փորձը:
Հայտարարությունն ընդունվել է խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի միաձայն քվեարկությամբ:
«2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը միակողմանիորեն ձեռնարկեց աննախադեպ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ հարձակման արդյունքում զոհվեցին տասնյակ անձինք, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, որոնցից մեկը երեխա»,- նշված է հայտարարության մեջ:
Բասկյան խորհրդարանը դրական է գնահատել ապրիլի 5-ին զինադադարի վերականգնումը: Կոչ է արվում նաեւ ստեղծել 2012 թվականից Մինսկի խմբի կողմից առաջարկվող հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ, նաեւ մերժել ուժի կիրառումը հակամարտության կարգավորման գործում: Խրախուսում է վերադառնալ բանակցությունների գործընթացին, որտեղ Լեռնային Ղարաբաղը կունենա իր մասնակցությունը:
Source: Yerkir Media
Link: Բասկերի երկրի խորհրդարանը դատապարտել է ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու Ադրբեջանի փորձը