Երեկ՝ նոյեմբերի 11-ին, տեղի ոստիկանության տվյալներով, գրեթե 750 հազար մարդ է մասնակցել Բարսելոնայում անցկացված երթին, ովքեր իրենց բողոքն են արտահայտել կատալոնական անկախության շարժման ղեկավարների ձերբակալության դեմ, տեղեկացնում է BBC-ն։
Ցուցարարներն Իսպանիայի կենտրոնական իշխանություններից պահանջել են ազատ արձակել 8 տարածաշրջանային նախարարներին ու 2 ժողովրդական ակցիաների ղեկավարներին։ Ի դեպ, ձերբակալվածներից մի քանիսը կմասնակցեն դեկտեմբերի 21-ին նշանակված արտահերթ ընտրություններին՝ կատալոնական անջատողական կուսակցության ցուցակով։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատրաստվում է Բարսելոնա այցելել այսօր՝ նոյեմբերի 12-ին։
Կատալոնիայի մայրաքաղաքի ղեկավարը դատապարտել է անկախություն պահանջող գործիչներին։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Կատալոնիայի խորհրդարանը անկախություն հռչակեց։ Դրան ի պատասխան Մադրիդը լուծարեց խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակեց դեկտեմբերի 21-ին։ Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը մեկնեց Բելգիա՝ հայտարարելով, որ հետապնդումների ու սպառնալիքների է ենթարկվում։
Source: Yerkir Media
Link: Բարսելոնան ալեկոծվում է