Գեղարքունիքի մարզի Դպրաբակի բուժամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ, Ձորավանք գյուղի բնակիչ Այգեն Ինանցը Ձորավանք գյուղի տարածքում, Տավուշի մարզին սահմանակից հատվածում գտել է քարե ձեռակերտ կոթող, որն իր ոճով հիշեցնում է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական արվեստի գանձերից մեկը:
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Այգեն Ինանցը, քարակոթողն ինքը նկատել է պատահաբար, դաշտում զբոսնելիս եւ տեղափոխել Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղում գտնվող իր տան բակ:
«Կոթողի վրա պարզ նշմարվում է սրի պատկերը՝ կոթով եւ ծայրով: Մոտ 2 մետր բարձրության քարի երկու կողմում քանդակված են նախշեր, սրի բռնելու տեղում՝ խաղողի ողկույզներ: Սրի ծայամասում խաչի պատկեր է նկատվում: Հակառակ կողմից նայելիս կոթողը տպավորում է Խաչված Քրիստոսի մարմնով: Քարի վրա գիր չկա, բայց նրա վրա արված քանդակներն իրենց ձեւով շատ նման են Միջնադարյան Հայաստանում այս տարածքում պահպանված քարե ձեռակերտ կոթողների վրա արված պատկերներին, որոնք հանդիպում են ինչպես խաչքարերին, այնպես էլ՝ Հին Գետիկի վանքի ավերակներում պահպանված պատերին: Այս հուշարձան-կոթողը, հավանաբար, մի նշանավոր հուշարձանի բաղկացուցիչ մաս է, որն այլազգիների ձեռքով կարող էր քանդված ու տեղափոխված լինել մի այլ տեղ՝ հայկականության հետքերը կորցնելու նպատակով: Ծանոթ հոգեւորականի դիտարկմամբ՝ նորահայտ հուշարձանն իրենից խաչքար է ներկայացնում, որը Կենաց ծառ է խորհրդանշում»,-ներկայացրեց Այգեն Ինանցը:
Նա որոշել է իր գտածո հուշարձանը տեղադրել իր տան մուտքի դիմաց՝ այն օծել տալով եկեղեցական կարգով, համագյուղացիների մասնակցությամբ:
Source: Yerkir Media
Link: Բուժամբուլատորիայի տնօրենը Ձորավանքի տարածքում քարե ձեռակերտ կոթող է գտել