Բուկինիստում «գրքախառնվեցին». (Լուսանկարներ)

«Գրքի գիշեր 2016» «Արի գրքախառնվենք» խորագրով միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին` Բուկինիստ գրախանութում: Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը միջոցառման ընթացքում «Արմենպրես»-ի հետ զրույցում, ասաց, որ իր համար ցանկացած տոն, որ նվիրված է լինում գրքին, առաջին հերթին գրքի, գրականության և գրողի հանրահռչակման լավ առիթ է։ Սա նշանակում է, որ մեր կենցաղում մենք պետք է գրքին վերաբերվենք, որպես մեր առօրյաի մի մաս։ Նա իր հետ բերել էր գիրք, «գրքախառնվելու» համար.

«Բերել եմ Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» գիրքը՝ ամբողջական հրատարակությունն է, բայց դեռ չեմ ընտրել ում հետ եմ գրքախառնվելու։ Ասեմ, որ վերջին շրջանում հիմնականում ավելի շատ պատմվածքներ եմ կարդում, երևի թե ժամանակի սղության պատճառով է, որովհետև երկար վեպեր կարդալու համար երկար ժամանակ է պահանջվում։ Դրանից բացի մի քիչ էլ ոչ գեղարվեստական գրականությամբ եմ լցնում օրս»։

Տեր-Վարդանյանն ասաց, որ իր կարդացած վերջին գիրքը եղել է Էրիկ-Էմանուել Շմիդտի «Օսկարը և վարդագույն տիկինը».

«Գիրքը կարդացել եմ ռուսերեն, քանի որ դեռ հայերեն թարգմանված չկա։ Բայց հույս ունենամ, որ մի օր հայերեն տարբերակը ևս կլինի։ Հիմնականում ես աշխատում եմ կարդալ հայերեն լեզվով, երկրորդ հերթին ռուսերեն և կարդում եմ նաև անգլերեն»։

Նա չցանկացավ առանձնացնել իր համար որևէ գրողի, քանի որ նրա խոսքով նոր գրողի կարդալով, նա նոր տեղ է զբաղեցնում քո կյանքում։

«Կան գրողներ, ում գրքերը կարդալուց հետո, կարող են շատ խորը հետք թողնել։ Ժամանցային գրողներ էլ կան, որոնց կարդալուց հետո մեկ տարի անց մոռանում ես, բայց հենց կարդալու ընթացքում շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում»։

Նմանատիպ միջոցառում Հայաստանում անց է կացվում առաջին անգամ «Բուկինիստ» գրախանութի և «Արևիկ» հրատարակչության հետ համատեղ։ «Գրքի գիշերը» նախաձեռնել են «Բուկինիստ» գրախանութի 84 և «Արևիկ» հրատարակչության 30-ամյակների կապակցությամբ: Միջոցառման ընթացքում հյուրերը կփոխանակվեն գրքերով, հաճախորդները կկարողանան իրենց սիրելի հեղինակների ստեղծագործությունները ձեռք բերել 30 % զեղչով, կկազմակերպվեն բազմաթիվ հետաքրքիր խաղեր:


Source: Yerkir Media
Link: Բուկինիստում «գրքախառնվեցին». (Լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image