Արքայազններ Ուիլյամը եւ Հարրին բրիտանացի տղամարդկանց հորդորել են չանտեսել եւ չթաքցնել իրենց հոգեբանական խնդիրները: Այս մասին Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն ասել են CALM բարեգործական հանդեսի համար կազմակերպված հարցազրույցում:
«Որոշ լուրջ խնդիրների շուրջ խոսակցությունները շատ երկար ժամանակ արգելքի տակ էին,- խոստովանել է արքայազն Ուիլյամը:- (Համարվում էր, որ) հաջողակ, ուժեղ մարդիկ չեն տառապում: Բայց, իհարկե, դա այդպես չէ»:
«Իրականում, ամեն ինչ շատ պարզ Է: Եթե զգում ես, որ որեւիցե մեկի հետ հարկ է խոսել այդ մասին, դա, իրոք, կարող Է օգնել»,- ասել Է նա:
«Մեզ բոլորիս համար երբեմն հեշտ չի լինում, բայց տղամարդիկ առանձնահատուկ անհրաժեշտություն են զգում ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է»,- ասել է արքայազն Հարրին:
Ավելի վաղ արքայազն Հարրին խոստովանել է, որ լուրջ հոգեբանական խնդիրներ է ունեցել մոր՝ արքայադուստր Դիանայի մահվանից հետո: Նա ասել է, որ երկու տարի «կատարյալ քաոսի» մեջ Է եղել:
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին (Ուիլյամը եւ նրա տիկին Քեյթը), ինչպես նաեւ արքայազն Հարրին Heads Together արշավի շրջանակներում հասարակական կարծիքն ակտիվորեն հրավիրում են հոգեբանական խնդիրների լուծման եւ հոգեբանական առողջության պահպանման վրա:
Source: Yerkir Media
Link: Բրիտանիայի արքայազները տղամարդկանց հորդորում են չխուսափել հոգեբաններից