Գագիկ Խալափյան. «Ինչ-որ տեսա 92-ին, նույնը, նույն տարիքում իմ էրեխեքը տեսան»

hetq.am— Իմ այցելության պահին ԼՂՀ Թալիշ գյուղի բնակիչ, 6 երեխաների հայր Գագիկ Խալափյանը նոր էր եկել Թալիշից Երևան այն նույն մեքենայով, որով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 13 մարդ էր կարողացել փրկել: Թալիշի տնից բերել էր երեխաների հեծանիվն ու իր սիրած սենյակային ծաղիկը:

«2-3 օրը մեկ պիտի գնամ: Բայց ոչ ստեղ եմ կարում մնամ, ոչ՝ ընդեղ, չեմ կարում հաշտվեմ, որ ծնողներս չկան»,-ասում է Գագիկը:

Ադրբեջանցի դիվերսանտները ապրիլի 1-ի գիշերը սպանել էին նրա ծնողներին՝ Վալերա ու Ռազմելա Խալափյաններին ու տատին՝ Մարուսյա Խալափյանին: Գագիկը կնոջն ու երեխաներին տարել էր ապահով տեղ, ապա հետ եկել, որ ծնողներին ու 92-ամյա մահամերձ տատին դուրս բերի տնից, սակայն ադրբեջանցի դիվերսանտները տունն արդեն շրջապատել էին:

«Էդքան դիվերսիան գալիս, հասնում ա գյուղ, ու ոչ մեկը չի իմանում: Ոչ մեկը չէր պատկերացնի, որ թուրքերը կարան մտնեն գյուղ: Տան մոտ սկսեցին կրակել, չմտածեցի, որ թուրքերն են: Ավտոյից իջա, մի 15 մետրի վրա լսեցի, որ թուրքերեն խոսում են: Մտածեցի, որ սաղ հիմա կկոտորեն… հասա գյուղապետարան, ասի թուրքերը մտել են գյուղ: Դրանից հետո էլ ավտոներով, էլ ոտով բոլորը սկսեցին դուրս գալ գյուղից»,-շարունակում է Գագիկը:

Խալափյանների վեց երեխաները Երևանում փորձում են հարմարվել նոր պայմաններին, անընդհատ վազում են բակ, քանի որ սովոր չեն բնակարանում ապրել: Մեկ ամսից ավելի 14 շնչով տեղավորվում են ապրիլի 1-ի գիշերը Թալիշում ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված Խալափյանների քրոջ՝ հորաքույր Լիդայի ճակատագրական բնակարանում: Ինչո՞ւ ճակատագրական, որովհետև հենց այս տանն են 15 տարի առաջ ծանոթացել երևանցի Գոհար Վարդանյանն ու թալիշեցի Գագիկ Խալափյանը: Ամուսնացել են, տեղափոխվել հայրենի Թալիշ, լույս աշխարհ են բերել վեց երեխա, ընտանիքի տասնմեկ անդամներով ապրել այնտեղ հանգիստ, խաղաղ կյանքով մինչև այս տարվա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:

Մեկ ամսից ավելի 7 ամսականից 14 տարեկան վեց երեխաները ստիպված են երբեմն տարբեր տեղերում մնալ, քանի որ Գագիկ Խալափյանի հորաքրոջ տանը նեղվածք է. «Դոշակները փռում ենք գետնին, քնում»,-ասում է Լիդա Խալափյանը, ում տանը ապաստան է գտել սպանված եղբոր զավակի ընտանիքը:

Դպրոցահասակ չորս երեխաները Երևանում դեռ դպրոց չեն գնում.

«Էրեխեքի կեսը մի տեղ, կեսը՝ մի տեղ, մեկը՝ Սարի թաղ, երկուսը՝ Ջրվեժ, մեկը՝ Շինարարներ, որտե՞ղ դպրոց գնան»,- ասում է ընտանիքի հայրը:

Ընտանիքը դիմել է կառավարությանը տան հարցով, մերժում ստացել, ասել են՝ վերադարձ Ղարաբաղ:

«Էլի համաձայն եմ, թող լրիվ հարցը կարգավորվի, միգուցե կգնանք: Բայց էս պահի դրությամբ դա հնարավոր չի, ամեն վայրկյան կարող ա խփեն»,-շարունակում է Գագիկը:

«Եթե էստեղ բնակարան հատկացնեն, կտեղավորվենք, հետո երեխաները դպրոց կհաճախեն: Իրենք մեծ հոգեկան սթրես են ապրում, չէի ուզի, որ նորից հարցուփորձի մեջ ընկնեին, վերապրեին այդ ամենը: Իրենք գիտեն, որ իրենց պապիկ-տատիկների հետ դաժանաբար, բարբարոսաբար վերաբերվեցին: Երեխաներին հոգեբանական աշխատանք է պետք»,-ամուսնու խոսքը շարունակում է վեց երեխաների մայր Գոհար Վարդանյանը:

[youtube https://www.youtube.com/watch?v=86tVx4HHmQc]

«Ինչ-որ տեսա 92-ին, նույնը, նույն տարիքում, իմ էրեխեքը տեսան»,- ասում է 37-ամյա վեց երեխաների հայր Գագիկ Խալափյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում


Source: Yerkir Media
Link: Գագիկ Խալափյան. «Ինչ-որ տեսա 92-ին, նույնը, նույն տարիքում իմ էրեխեքը տեսան»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image