Հուլիսի 12-ին «Ոսկե Ծիրան» միջազգային կինփառատոնի շրջանակում կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրիեմիերան: Այստեղ ռեժիսորը ցույց է տվել Արցախյան ազատամարտի տարիների իրադարձությունների հետևանքները:
Դեպքերն ընթանում են Արցախում ադրբեջանցիների կողմից հայաթափված գյուղում: Նկարահանումները կատարվել են ռեժիսորի հայրենական Խաչմաչ գյուղում: Իսկ նկարահանման ողջ ընթացքը տեւել է ընդամենը 20 օր: Ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:
«Ի վերջո գաղափարական եւ սիմվոլիկ առումով վերջին բնակիչը հենց Յուրգան է, որովհետև 2 տարբեր ազգի, կրոնի ներկայացուցիչներ փորձում են փրկել մեկ աղջկա, եւ ընթացքում նրանք էլ փորձում են մնալ մարդ: Ի վերջո ֆիլմը հայկական մի փոքրիկ գյուղի մասին չէ, այլ Երկիր մոլորակի վերջին բնակչի մասին է: Եթե պատերազմի ընթաղքում կորցնենք մեր մարդկային տիպն ապա ինչի կվերածվենք»,- ասում է Ջիվան Ավետիսյանը:
Դերասանների ընտրության ժամանակ ռեժիսորը քաստինգներ սովորաբար չի կազմակերպում: Ինչպես ինքն է սիրում ասել, հետեւում է նրանց խաղի ընթացքին, տեսնում նրանց մեջ մարդկայինն ու շարունակությունն արդեն իսկ պարզ է:
Այս ֆիլմում իրենց խաղով հանդես են եկել Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն, Աննե Բեդիանը, Արմեն Գրեյգը, Նարինե Պետրոսյանը, Բաբկեն Չոբանյանը և այլոք։ Ալեքսանդր Խաչատրյանն, ով մարմնավորել է գլխավոր հերոսի` Աբգարի կերպարը, հպարտորեն ու վստահությամբ է նշում, որ իր համար պատիվ էր սա:
« Իմ սիրած հատվածը ծնողական տան, ավերված տան ներսը լինելն էր: Գիտե՞ք՝ բոլոր հատվածներն էլ սիրում եմ»,- ասում է դերասանը:
Սանդրա Դաուկշայտե Պետրուլենենի համար, ինչպես ինքն է նշում, մեծ պատիվ է այստեղ լինել եւ խաղալ այս ֆիլմում.
«Ես հպարտ եմ ու անսահման երջանիկ: Դժվարություններ կար, բայց շատ հետաքրքիր էր: Ողջ անձնակազմը շատ օգնեց: Ամենն այնքան գեղեցիկ էր, փողոցով քայլում ես ու բնությունն ինքը քեզ ոգեշնչում է ու խաղդ ինքնստինքյան ստացվում է»:
Ինչպես «Թեւանիկ»-ի, այնպես էլ այս ֆիլմի ավարտը ռեժիսորը եւս թողել է հանդիսատեսի երեւակայությանը: Թե ինչ եղավ վերջում՝ պատասխանները տարբեր են:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: «Գաղափարական եւ սիմվոլիկ առումով վերջին բնակիչը հենց Յուրգան է». ռեժիսորը՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի մասին