Երեկ Սաուդյան Արաբիայում տեղի են ունեցել ձերբակալություններ, եմենյան հերթական հրթիռի ոչնչացում, նաեւ ուղղաթիռի կործանում:
Արքայազներից մեկը՝ Մանսուր բին Մուքրինը եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհվել են ավիավթարի հետեւանքով:
Ուղղաթիռը կործանվել է Եմենի հետ սահմանի մոտակայքում: Արքայազն Մանսուր բին Մուքրինը Ասիր նահանգի փոխնահանգապետն էր:
Այս ամենը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի քաղաքական եւ գործարար ղեկավարության շրջանում մեծամասշտաբ զտումների օրերին:
Գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանն ամրապնդում է իր դիրքերը՝ ճանապարհից հեռացնելով թագավորության մի շարք ազդեցիկ դեմքերի: Նրա ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն որոշել էր ձերբակալել թագավորության 11 արքայազնի, 4 գործող ու տասնյակ նախկին նախարարների:
Հատկանշական է, որ այդ կոմիտեն ստեղծվել է ձերբակալություններից ընդամենը մի քանի ժամ առաջ:
Աղմկահարույց ձերբակալություններից առաջ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը փոխել էր ազգային գվարդիայի եւ ռազմածովային ուժերի ղեկավարներին:
Source: Yerkir Media
Link: Գերլարված իրադրություն` Սաուդյան Արաբիայում