Գերմանիայում Էրդողանին սրահ չեն տրամադրում կողմնակիցների հետ հանդիպման համար
June 22, 2017
Գերմանիայի տարբեր քաղաքներում մերժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սրահներ տրամադրել իր կողմնակիցների հետ հանդիպելու համար: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Էրդողանը հուլիսի 7-8-ը մասնակցելու է գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթաժողովին: Դրանից հետո նա ծրագրել էր հանդիպել իր կողմնակիցների հետ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ թուրքական կողմից որևէ պաշտոնական դիմում չեն ստացել:
Գերմանիայում գործող և Թուրքիայի իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող Եվրոպայի թուրք ժողովրդավարների միության ներկայացուցիչ Իզեթ Բայրաքը հայտնել է, որ Էրդողանի ելույթ ունենալու հավանականությունն այս պահին հինգ տոկոս է: Նա ընդգծել է, որ ամենաընդարձակ սրահներից մեկը համարվող Westfalenhallen համալիրի կողմից թույլտվություն չտալու պատճառով «ամենայն հավանականությամբ այդ թեման փակված է»:
Ուշագրավ է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեի նախօրեին ևս գերմանական տարբեր քաղաքներում արգելվել էին թուրք քաղաքական գործիչների ելույթները: