Գլխավոր դատախազության շուրջ հանելուկային վիճակները ողջ օրը, փաստորեն, շարունակվեցին։ Նախ՝ խիստ անսպասելիորեն, համենայնդեպս՝ հանության լայն շրջանակների համար, իր հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Ապա Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժինը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Կոստանյանի հեռանալուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԳԴ տեղակալ Արթուր Դավթյանը։
Օրվա վերջին, սակայն, դատախազության կայքէջում արդեն տեղեկատվություն հայտնվեց, որտեղ ասվում է, որ հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հրանտի Հարությունյանը:
Թեեւ դատախազությունը չի պարզաբանում, բայց նշենք, որ «Դատախազության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում, նրա հրամանով, նրան փոխարինում է գլխավոր դատախազի տեղակալը: Նման հրամանի անհնարինության դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` տարիքով ավագ տեղակալը։ Ներկայիս տեղակալների թվում ամենաավագը հենց Արմեն Հարությունյանն է։
Source: Yerkir Media
Link: Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար ի վերջո նշանակվել է Արմեն Հարությունյանը