Գյումրիում բացվեց խաչքար՝ ի հիշատակ Ջեբրաիլում նահատակված տանկիստ Տիգրան Աբգարյանի

September 4, 2016

Գյումրիում բացվեց խաչքար՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ջեբրաիլում հերոսաբար նահատակված տանկիստ Տիգրան Աբգարյանի։

Բացման արարողությանը ներկա էին Տիգրանի հարազատները եւ ընկերներն, ինչպես նաեւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Գոռ Մինասյանը եւ այլք։

«Այսօր մենք կերտում ենք ապրիլյան պատերազմի պատմությունը, կերտում ենք, որպեսզի մեր սերունդներին փոխանցենք։ Տիգրանը պայքարել է ութ տանկերի դեմ եւ իր կյանքն է տվել հանուն հայրենիքի։ Պետք է անենք ամեն ինչ, որ նաեւ մեր սերունդներին կարողանանք այսպիսի հայրենասիրությամբ դաստիարակել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ շուտով հուշահամալիր է բացվելու նաեւ  «Ապրիլյան պատերազմի 7 հերոսների» փողոցում։

Տիգրանի հրամանատար Մարտիկ Ջհանգիրյանի խոսքով՝ տանկիստը առաջինն է ցանկացել մտնել մարտի դաշտ։ «Զորամասն՝ ի դեմս Տիգրան Աբգարյանի, հերոսաբար կատարեց իր առջեւ դրված խնդիրը։ Մարտական գործողության հենց առաջին վայրկյանից մինչեւ վերջ մենք միասին էինք. կարծես յուրաքանչյուր վայրկյան Տիգրանն ուզում էր, որ հենց իրենց անձնակազմը մտնի մարտի դաշտ, եւ հենց իրենք են մարտական ոգով անմիջական մասնակցությունն ունենում այդ խնդրի հաջող կատարմանը։ Ցավոք, երկրորդ օրը հակառակորդի արձակած հրթիռից անձնակազմը հերոսաբար զոհվում է։ Շնորհակալություն ենք հայտնում ծնողներին, որ նման զինվորներ են դաստիարակել. զինվորներ, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր ազատության»,- ասաց Ֆիզուլիի տանկային զորամասի հրամանատար Մարտիկ Ջհանգիրյանը։

Հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանը, քառօրյա պատերազմի օրերին Ջեբրաիլում թշնամու հարձակման ժամանակ մղվելով առաջնագիծ ու պայքարելով թշնամու դեմ, խոցել է 3 տանկ եւ հերոսաբար նահատակվել։

 


Source: Yerkir Media
Link: Գյումրիում բացվեց խաչքար՝ ի հիշատակ Ջեբրաիլում նահատակված տանկիստ Տիգրան Աբգարյանի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image