Գործարարը պատրաստ է «Նաիրիտի» վերագործարկման համար 100 մլն դոլար ներդնել

azatutyun.am— «Նաիրիտ»-ի սնանկության հարցում մեղավոր է եղել երկրի բարձրագույն ղեկավարությունը», — այսօր հայտարարեց «Նաիրիտ»-ի վերագործարկման համար 100 մլն դոլար ներդրում կատարելու պատրաստակամություն հայտնած գործարար Աշոտ Գրիգորյանը։

«Գիտեք՝ ի՞նչ է տեղի ունեցել անցյալ անգամ սնանկությունը և այս ամբողջ սկանդալը, որովհետև պետությունն ինքն է մասնակցել գողությանը։ Հասկացե՛ք, առանց պետության մասնակցության, գողություն չի կարող լինել», — ասաց Գրիգորյանը։

Սլովակիայից ժամանած հայ գործարարին երեկ ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Գործարարը վարչապետին տեղեկացրել է, որ նախատեսում է վերականգնել քիմիական արտադրությունը՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների մշակած ծրագրի հիման վրա, պայմանով, որ «Նաիրիտ»-ն իրեն վաճառեն մեկ եվրոյով։ Դրանից հետո գործարարը վստահեցնում է, որ կանի 100 միլիոն դոլարի ներդրում։

«Վարչապետի պատասխանը եղել է դրական, բայց մի քիչ լղոզված։ Վարչապետի պատասխանը եղել է՝ «մենք պատրաստ ենք, մենք ցանկացած դրական առաջարկի պատրաստ ենք», այսինքն, հայտարարության մակարդակ է սա, «բայց», այ այդ «բայց»-ն իմ դուրը չի եկել, որովհետև չի կարելի ներդրողների մոտ բայց ասել», — հայտարարեց գործարարը։

Ըստ Գրիգորյանի, «բայց»-ը կառավարության թերահավատությունն է։ Իրեն սկսել են ներկայացնել «Նաիրիտ»-ի վերագործարկելու ձախողման դեպքերը։

«Դուք ինչո՞ւ եք այս ծանր խնդրի մեջ մտնում, դուք արդյո՞ք հաշվարկել եք, իսկ դուք գիտե՞ք էներգակիրների գները, իսկ դուք հաշվարկե՞լ եք տասը տարվա կտրվածքով «Նաիրիտ»-ի արտահանման խնդիրները և այլն»։ Սովորաբար ճիշտ հակառակն է լինում այլ երկրներում ՝ ներդրողը, եթե ինչ-որ կասկածներ ունի, կասկածները փարատում են։ Պատմության մեջ առաջին անգամ ես հանդիպում եմ, երբ կառավարությունը կասկածներ է ներշնչում ներդրողին», — ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ունի արդյո՞ք ներդրողը երաշխիքներ, որ գործարանը գնելուց հետո ի զորու կլինի իսկապես վերականգնել արտադրությունը, ոչ թե նոր պարտքեր կուտակել և հեռանալ, գործարարը պատասխանեց. — «Պայմանագրի առաջին իսկ կետը, եթե չկատարեցինք, պետությունն իրավասու է դադարեցնելու հարաբերությունները։ Պետությունը դա շատ լավ գիտի և մինիմում դեմագոգիա է, երբ որ այսպիսի հարցեր են տալիս պարոն Յոլյանի մակարդակով», — ասաց գործարարը։

«Նաիրիտ»-ը վերագործարկելու պատրաստակամություն Աշոտ Գրիգորյանը հայտնել է դեռ նախկին կառավարությանը։

Շարունակությունը՝ այստեղ


Source: Yerkir Media
Link: Գործարարը պատրաստ է «Նաիրիտի» վերագործարկման համար 100 մլն դոլար ներդնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image