Դավիթ Լոքյան. «Տեղական ինքնակառավարման համակարգի ձեռքբերումները շոշափելի են»

Yerkir.am— Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը նախ շնորհավորեց տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, ապա նշեց՝ հետադարձ հայացք գցելով, կարելի է տեսնել, որ տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ:

«Պետք է փաստել, որ դեռ շատ անելիքներ կան, բայց համակարգի ձեռքբերումներն էլ շոշափելի են»,- ասաց Լոքյանը:

Նրա խոսքով, դեռևս զգալի մաս են կազմում մասնատված և մարդկային, ֆինանսական և այլ սահմանփակ ռեսուրսներով համայնքները և այդ համայնքներում դժվար է իրականացնել տեղական ինքնակառավարման գլխավոր նպատակը ՝ համայնքային նշանակության հանրային խնդիրների անհրաժեշտ մակարդակով լուծում տալը: Լոքյանը շեշտեց նաև, որ տեղական ինքնակառավարման համակարգի կարևորագույն՝ ավագանու ինստիտուտը նույնպես կայանալու ճանապարհին է և բազմաթիվ են համայնքները, որտեղ ավագանու անդամների մրցապայքարը հետաքրքրություն չի առաջացնում, բայց այդ առումով բացառություն են կազմում խոշոր համայնքները:

Նախարարի խոսքով՝ լավ է, որ Երևանի, այս տարվանից նաև Գյումրու և Վանաձորի համայնքների ընտրություններում կիրառվում է ավագանու անդամների ընտրության համամասնական ընտրակարգը, և ավագանու ինստիտուտի կայացման ապագան՝ համայնքների խոշորացմանը զուգընթաց համամասնական ընտրակարգի անցումն է, ինչի արդյունքում կաճի մրցակցությունը և կառավարման պատասխանատվությունը:


Source: Yerkir Media
Link: Դավիթ Լոքյան. «Տեղական ինքնակառավարման համակարգի ձեռքբերումները շոշափելի են»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image