Դավիթ Տոնոյանի հետ քննարկվել են առաջնագծի վերազինման շարունակականությանը վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել մարտական հենակետերով, զրուցել դիրքապահ անձնակազմի հետ։ Այնուհետև նախարար Տոնոյանը զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել է առաջնագիծը վերազինելու գործընթացի շարունակականությանը վերաբերող հարցեր և տվել  հանձնարարականներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դավիթ Տոնոյանը մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսական նվերներ է հանձնել։

Հարավային զորամասերից մեկում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանին տիրող իրավիճակի, առաջնագիծը ինժեներական նոր լուծումներով հագեցնելու և անհրաժեշտ սարքերով համալրելու հետ կապված մի շարք հարցերի։

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև Մեղրի համայնքում, որտեղ ավարտին է մոտենում սպայական շենքերի շինարարությունը։ Նախարարը շրջել է նորակառույց շինություններում, ծանոթացել պայմաններին, համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ քննարկել սպաների բնակավորման հարցերը։ Մեղրիում կառուցվող սպայական շենքերը շահագործման կհանձնվեն օգոստոս ամսին։

 

Source: Yerkir Media
Link: Դավիթ Տոնոյանի հետ քննարկվել են առաջնագծի վերազինման շարունակականությանը վերաբերող հարցեր