Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին՝ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմի սադրանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասվո՞ւմ է, ոչ:
«Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից թե′ ամենաբարձր մակարդակով, թե′ նախարարների մակարդակով: Ես մի քանի օր առաջ ասել եմ՝ բացառված չէ, որ հուլիսին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում լինի: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- ընդգծեց Նալբանդյանը:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանը հաջորդած` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Նալբանդյանն ընդգծեց, որ համանախագահներն անմիջապես պետք է արձագանքեին, ինչն արել են:
«Բայց մինչև այդ արձագանքը մենք խոսել էինք թե′ եռանախագահների, թե′ Անջեյ Կասպշրիկի հետ»,- ընդգծեց Նալբանդյանը:
Նկատառմանը, որ ադրբեջանական կողմը սկսել է շահարկել 2-ամյա երեխայի մահը, Նալբանդյանը պատասխանեց.
«Դիվանագիտությունը մամուլով և հեռուստատեսությամբ չի վարվում: Այն մասով, ինչքան կարող ենք իրազեկել այդ մասին, իրազեկում ենք: Երեկ թե′ նախարարության մամուլի խոսնակի, թե′ արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունները մեր արձագանքն էր ադրբեջանական սադրանքին և պատասխանում էր բոլոր հարցերին»:
Source: Yerkir Media
Link: «Դիվանագիտությունը մամուլով և հեռուստատեսությամբ չի վարվում». Է. Նալբանդյան