«Եթե ընտրություններն անցկացվեն հիմա, մեր թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ». Նիկոլ Փաշինյան

Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները այս պահին անցկացնելու նպատակահարմարության հարցին՝ հայտարարելով, որ դա ամենաձեռնտու տարբերակն է իրենց քաղաքական թիմի համար:

«Անկեղծ ասած՝ ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի համար ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած ու առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմն այն կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ երկրում իշխանությունը փոխվել է, իսկ բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը նախորդների նման առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը, և ընտրություններն անցկացվում են այնպիսի պայմաններում, երբ ժողովուրդը ընտրական համակարգի միջոցով իշխանությունը փոխելու հնարավորություն չունի, այս անգամ՝ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ընտրությունները պետք է անցկացվեն 1 տարվա ընթացքում, ինչը ոչ միայն հնարավորություն կտա էապես բարելավել ընտրական համակարգը, այլև քաղաքական մյուս ուժերին, որոնց համար իշխանափոխությունն անսպասելի էր, դուրս գալ ցայտնոտից ու նախապատրաստական աշխատանքներ տանել ընտրություններից առաջ:

Source: Yerkir Media
Link: «Եթե ընտրություններն անցկացվեն հիմա, մեր թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ». Նիկոլ Փաշինյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image