ԵԺԿ կենսունակությունը պետք է լիարժեք դարձնել խորհրդարանական երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Այս մասին ԵԺԿ հիմնադրման 40-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի ունեցած ԵԺԿ քաղաքական ասամբլեայի հերթական նիստին իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Ելույթի մանրամասները Արտակ Զաքարյանը ներկայացրել է իր ֆեսյբուքյան էջում:
«Իմ ելույթում մի շարք հարցերի կողքին հատկապես շեշտադրել և կարևորել եմ ԵԺԿ անդամ կուսակցությունների միջև ակտիվ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը տաբեր խորհրդարանական վեհաժողովներում։ Մասնավորապես, նշել եմ, որ ունենք ԵԺԿ կուսակցությունների կայացած և արդյունավետ համագործակցություն «Եվրանեսթ» ԽՎ-ում, սակայն մյուս խորհրդարանական վեհաժողովներում դեռևս ունենք համագործակցության չիրացված պոտենցիալ։ Հատկապես, ընդգծելով ԵԽԽՎ- ում ԵԺԿ անդամ քույր կուսակցությունների պատվիրակների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ընդգծել եմ, որ ԵԺԿ կենսունակությունը պետք է լիարժեք դարձնել բոլոր խորհրդարանական երկկողմ և բազմակողմ ձևաչափերում»,- նշել է Արտակ Զաքարյանը։
Նա առաջարկել է ԵԺԿ ընտանիքում միջկուսակցական համագործակցությունն առավել զարգացնելու հարցը ևս դարձնել ԵԺԿ խորը և համապարփակ երկխոսության թեմաներից մեկը։
Նիստում մի շարք կարևոր հարցերի շուրջ ելույթներով հանդես է եկել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Source: Yerkir Media
Link: «ԵԺԿ կենսունակությունը պետք է լիարժեք դարձնել խորհրդարանական բոլոր ձևաչափերում». Արտակ Զաքարյան