«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հայտարարեց, որ իրենք չեն մասնակցել քվեարկությանը:

«Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ երեկվա հարցուպատասխանը, ինչպես նաև մտահոգությունները քաղաքացիական հասարակության կողմից, «Ելք» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, և հույս ունենք, որ դատավորը չի ընտրվի»,- ասաց Մարուքյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով այն, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, որ նա կարող է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն իր կարծիքը պաշտպանելու, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: ՍԴ անդամը խորհրդարանում պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայներով:

Source: Yerkir Media
Link: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image