ԵՊԼՀ-ում պակասորդ գույքը տարիներ շարունակ չի հայտնաբերվել. հարուցվել է քրգործ
August 25, 2017
2016թ. դեկտեմբերին «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակա-գիտական» համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի ընդհանուր 30.209.096,9 ՀՀ դրամի չափով պակասորդ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Բացի այդ, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, ինչը հանգեցրել է նրան, որ պակասորդ գույքը տարիներ շարունակ չի հայտնաբերվել:
Նկատի ունենալով, որ հայտնաբերված պակասորդի փաստն առերևույթ պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության, իսկ իրավասու պաշտոնատար անձանց ոչ պատշաճ գործողությունները՝ պաշտոնեական անփութության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: