Երեխային ապտակողը ոչ թե դաստիարակչուհին է, այլ նրա մայրը. պնդում է քաղաքապետարանը

October 13, 2016

Երեւանի բուսաբանական այգում զբոսանքի գնացած երեխաներից մեկին ապտակող կինը ոչ թե մանկապարտեզի դաստիարակչուհին է, այլ նրա մայրը։ Այս մասին «Երկիր մեդիային» հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից , վստահեցնելով, որ պարզել են նրա ինքնությունը. խումբը ոչ թե մանկապարտեզային է, այլ այդ կինն իր եւ ընկերուհու երեխաների հետ դուրս էր եկել զբոսանքի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է Բուսաբանական այգում զբոսանքի ելած մանկահասակ երեխաներից մեկին ապտակում ուղեկցող կինը: Տեսանյութը լայն քննարկման առարկա է դարձել՝ առաջացնելով շատերի վրդովմունքը:

Երեկ քաղաքապետարանից նաեւ նշել էին, որ կպարզեն իրողությունը եւ մանկապարտեզի դաստիարակչուհին կենթարկվի պատասխանատվության։

Ի դեպ, եթե անգամ ապտակողը երեխայի մայրն է, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից։ Ոստիկանությունն արդեն հայտարարել է եւ հիշեցրել, որ ՔրՕր 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար նախատեսում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում:


Source: Yerkir Media
Link: Երեխային ապտակողը ոչ թե դաստիարակչուհին է, այլ նրա մայրը. պնդում է քաղաքապետարանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image