«Երկիր ծիրանի» կուսակցությունը սեպտեմբերի 11-ին շարունակել է քարոզարշավը: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քարոզարշավը սկսել է Էրեբունի վարչական շրջանից, որի մեկնարկն ազդարարվել է «Սասունցի Դավիթ» արձանի մոտից՝ որպես հայության համախմբման ու դարձի խորհրդանիշ:
Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր բացման խոսքում անդրադարձել է երևանցիներին հուզող առաջնային խնդիրներից մեկին՝ աղբահանությանը, որը սանիտարահիգենիկ տագնապալի վիճակ է ստեղծել ինչպես Էրեբունի համայնքում, այնպես էլ ողջ մայրաքաղաքում:
Այնուհետեւ «Սասունցի Դավիթ» արձանի մոտից «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը ավագանու թեկնածուների և համախոհների հետ շրջել է Էրեբունի համայնքի բոլոր կենտրոնական փողոցներով, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող բազմաբովանդակ հարցերին:
Այնուհետև թիմակիցների և ավագանու թեկնածուների և համախոհների հետ «Երկիր Ծիրանի»-ի նախագահը ուղևորվեց Սարի թաղ: Թաղամասի բնակիչները Զարուհի Փոստանջյանին հատկապես ջերմ դիմավորեցին՝ հիշելով նաև 2016 թվականի դեպքերը: Սարի թաղի բնակիչներին ևս Երևանի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու կարգախոսը։
Զարուհի Փոստանջյանը վաղը՝ սեպտեմբերի 12-ին, կշարունակի նախընտրական քարոզարշավը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից՝ ժամը 12:00-ին:
Source: Yerkir Media
Link: «Երկիր ծիրանի» կուսակցությունը սեպտեմբերի 11-ին շարունակել է քարոզարշավը