Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը դաշնակիցների հետ միասին բացարձակ մեծամասնություն Է կազմել երկրի խորհրդարանի ստորին պալատում` հունիսի 18-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններ 2-րդ փուլից հետո: Այդ մասին վկայում են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալները:
Այսպես, վերջնական արդյունքների համաձայն՝ այդ կուսակցությունն ունի 308 տեղ խորհրդարանի 577-տեղանոց ստորին պալատում, «Դեմոկրատական շարժումից» նրա դաշնակիցները կունենան 42 տեղ:
Խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր ուժը կլինեն «Հանրապետականները» (113 տեղ)՝ «Դեմոկրատների եւ անկախների դաշինքից» կենտրոնամետ աջերի (18 տեղ) հետ միասին: Բացի այդ, եւս վեց տեղ ունեն աջերի այն ներկայացուցիչները, որոնք «Հանրապետականների» կազմում չեն:
Սոցիալիստները կարող են 29 տեղի հույս ունենալ, «Չհնազանդված Ֆրանսիայից» ծայրահեղ ձախերը եւ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը՝ ընդհանուր առմամբ 27 տեղ: Ծայրահեղ աջ «Ազգային ճակատն» ունի ութ տեղ: Մնացած պատգամավորները ներկայացնում են ավելի փոքր կուսակցություններ եւ շարժումներ:
Ի դեպ, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին Է ընտրվել (38,65 տոկոս), ինչը ռեկորդային է նախորդ ցուցանիշների համեմատ։
Նախորդ գումարման Ազգային ժողովում կար 155 կին:
Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 42,6 տոկոս, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ Է Ֆրանսիայի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Source: Yerkir Media
Link: Էմանուել Մակրոնի երկրորդ հաղթանակը