Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջման ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարձակման փորձ իրականացրած զինծառայողները հայտնաբերվել և ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Զինվորականները Մարմարիսում հարձակվել էին այն հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էր Էրդողանը, սակայն վերջինս կարողացել էր հարձակումից կարճ ժամանակ առաջ լքել հյուրանոցի տարածքը: Հեղաշրջման փորձի ձախողումից հետո նրանք դիմել էին փախուստի:
Զինվորներից ինը ձերբակալվել են Մուղլայում հուլիսի 31-ի գիշերը, ևս երկուսը` օգոստոսի 1-ի առավոտյան:
Հուլիսի 15-ի երեկոյան զինվորականները Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ենձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարականօբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Էրդողանի կողմից հրապարակված վերջին տեղեկություններով` սպանվել է հեղաշրջման դեմ դուրս եկած 246 մարդ, վիրավոր է` 2185-ը, ձերբակալվել է ավելի քան 10 հազար մարդ: Շուրջ 5 հազարը կալանավորվել են: Կալանավորվածներից 103-ը գեներալներ են:
Հայտնի է, որ սպանվել է նաև ռազմական հեղաշրջման փորձի մասնակից ավելի քան 100 մարդ:
Հեղաշրջման փորձի ձախողումից հետո իշխանության պահանջով փակվել են շուրջ երեք տասնյակ հեռուստաընկերություններ, տպագիր և առցանց լրատվամիջոցներ, ռադիո ընկերություններ:
Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:
Source: Yerkir Media
Link: Էրդողանի նկատմամբ հարձակման փորձ իրականացրած զինծառայողները ձերբակալվել են