tert.am— ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը դեռ վերջնական պատրաստ չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ համապատասխան ժամկետներում կներկայացնեն այն: Պատգամավորն ասաց, որ համամասնական ցուցակի եռյակը շատ չի տարբերվի իրենց նախորդ ցուցակներից: Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն այսօր «մոդա թելադրող» քաղաքական ուժ է, ոչ թե մոդայիկ, ինչպիսին են այն ուժերը, ովքեր փորձում են դաշինքներ կազմել:
— Քաղաքական ուժերն այսօր զբաղված են նախընտրական ցուցակների կազմմամբ: 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ՀՅԴ նախընտրական ցուցակները ե՞րբ պատրաստ կլինե՞ն:
— Ցուցակները դեռ վերջնական պատրաստ չեն: Համապատասխան ժամկետներում այն կներկայացնենք: Մեր ընտրատարածքային շտաբներն այսօր ինտենսիվ աշխատում են ռեյտինգային ցուցակների ցանկի ձևավորման վրա: Ճիշտ ժամկետներում մեր բոլոր փաստաթղթերը, կուսակցության համամասնական ու ռեյտինգային ցուցակները պատրաստ կլինեն:
— Մամուլը գրեց այն մասին, որ ՀՅԴ-ն օգնություն է խնդրել ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակներում «մարդկանց ընդգրկելու» համար: Այդպե՞ս է:
— Ուշադրություն մի դարձրեք նման լուրերին, շան տեղ մի դրեք: ՀՅԴ-ի մարդկային ռեսուրսները լի ու լի բավարարում են: ՀՅԴ-ն այսօր այն կազմակերպված ուժն է, որը հանրապետության բոլոր տարածքներում ունի իր կառույցները, քաղաքական մեծ թիմը: Մենք ընտրությունների ենք գնալու ոչ միայն ՀՅԴ-ական կուսակցականներով, այլև մեր արժեքները կիսող համակիրներով: Մեր ռեսուրսները լի ու լի բավարար են:
— Ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում:
— Բոլորին: Այսօր ընդհանուր փնտրտուք է ընթանում՝ դաշինքներ կազմելու, միավորումներ ստեղծելու ուղղությամբ: Բոլորն էլ մրցակիցներ են: Բայց ի տարբերություն շատերի մենք ունենք մեր առավելությունները: Վստահ եմ, որ նաև մեր շնորհիվ բարեփոխված նոր կառավարման համակարգը, այնպիսի քաղաքական ուժերի տեղն է, ինչպիսին է Դաշնակցությունը, այսինքն՝ կայուն, հետևողական, սկզբունքները մշտապես պահպանած:
Երկրի արտաքին ու ներքին խնդիրներն այսուհետ լուծվելու են խորհրդարանում, ուստի ԱԺ-ում որքան շատ լինեն սկզբունքային քաղաքական ուժերն, այնքան պետությունն ամուր դիրքեր կունենա:
Շարունակությունը՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: «Ընտրությունների ենք գնալու ոչ միայն ՀՅԴ-ական կուսակցականներով, այլև մեր արժեքները կիսող համակիրներով»