Թուրքիայում հարձակման ենթարկված ՌԴ դեսպանը մահացել է

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը հարձակման հետևանքով մահացել է: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:

Անդրեյ Կառլովը մահափորձի է ենթարկվել, երբ մասնակցել է Անկարայում բացված «Կալինինգրադից Կամչատկա՝ ուղեկցողի աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը։ Անականտես լրագրողների խոսքով, դահլիճում ուղիղ դեսպանի թիկունքում գտնվող եւ առերեւույթ անվտանգության ծառայողի նմանվող «փողկապավոր» զինյալը կրակել է այդ պահին ելույթ ունեցող ռուս դեսպանի ուղղությամբ։ Անկանոն հրաձգության հետեւանքով կա առնվազն երեք վիրավոր։

Տեղեկությունների համաձայն, լսվել է առնվազն 15-20 կրակոցի ձայն։ Զինյալի եւ անվտանգության աշխատակիցների միջեւ շուրջ 25 րոպե տեւած փոխհրաձգությունը դադարել է։

Հաղորդվում է, որ հարձակում իրականացրած անձը սպանված է։ Թուրքական «Հյուրիյեթ» թերթում արդեն հրապարկվել է նրա լուսանկարը՝ կրակելու պահին։ Նա խոսել է թուրքերեն եւ արաբերեն, բացականչելով՝ «Ես այստեղից ողջ դուրս չեմ գա, դուք էլ չեք փախնի»։

Ռուս դիվանագետը տեղափոխվել է հիվանդանոց եւ ծանր վիճակում է։ Դեպքի վայր է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան շտապ հրավիրված ճեպազրույցում մանրամասներ չի հայտնել, նշելով, որ մշտական կապի մեջ են թուրք գործընկերների հետ։

Առաջիկայում Թուրքիայի արտգործնախարարը մեկնելու էր Մոսկվա, որտեղ Լավրովի եւ Իրանցի գործընկերոջ հետ հետ քննարկելու էին սիրիական հակամարտության խնդիրը։ Թուրքական աղբյուրները արդեն հայտնում են, որ դեսպանի վրա հարձակում գործած անձը իսլամական խմբավորումներից մեկի անդամ է։ Առայժմ չեն հստակեցնում, թե ինչ կազմակերպություն է ներկայացնում մահափորձ իրականացնողը։


Source: Yerkir Media
Link: Թուրքիայում հարձակման ենթարկված ՌԴ դեսպանը մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image