«Թուրքիայում 100 հազարին մոտ հայեր կան, մենք էլ նրանց Հայաստան կուղարկենք». Էրդողան

Երկու օրերի ընթացքում արդեն չորրորդ հրապարկային ելույթով Էրդողանը հարձակվում է Գերմանիայի եւ հայերի վրա։ Կիրակի նա արդեն գերմանացիներին մեղադրել է Աֆրիկայում ցեղասպանություն իրականացնելու մեջ։

Այս անգամ նա ելույթ է ունեցելէ Սաբահաթթին Զաիմ համալսարանի ավարտական արարողության ժամանակ:

«Հե՜յ, Գերմանիա, տես, նորից եմ ասում` նախ եւ առաջ Հոլոքոստի, Նամիբիայում շուրջ 100 հազար նամիբիացու սպանելու, ոչնչացնելու հաշիվը կտաս»,- ասել է Էրդողանը` նշելով, թե Գերմանիան ամենաքիչն իրավունք ուներ խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քվեարկություն կազմակերպելու:

Նա անդրադարձել է նաեւ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւն ազգությամբ թուրքերի կողմից պատրաստելու փաստին` ասելով. «Ի՞նչ թուրք: Նրանց արյունը պետք է լաբորատորիական փորձաքննության ենթարկել»:

Ավելի վաղ, Թուրքիայի արտահանողների միության համագումարում ունեցած ելույթում Էրդողանը սպառնացել է Թուրքիայում ապրող Հայաստանի քաղաքացիներին։ Իր խոսքում, նա մասնավորապես ասել է.

«Թուրքիայում 100 հազարին մոտ հայեր կան։ Նրանցից շուրջ կեսը մեր քաղաքացիներն են։ Այն հայերին, որոնք մեր քաղաքացիները չեն, ինչո՞ւ պետք է պահենք։ Ինչպես անում են եվրոպացիները (նկատի ունի փախստականների հարցում Եվրոպայի դիրքորոշումը), մենք էլ նրանց Հայաստան կուղարկենք։ Մենք կանենք դա»։

Թուրքիայի նախագահն իր խոսքում ասել է նաեւ, որ Հայկական հարցը շարունակում է մի շարք պետությունների համար սպառնալիքի միջոց մնալ, որը կարող են կիրառել Թուրքիայի դեմ, երբեմն էլ այդ սպառնալիքը փորձում են որպես մահակ օգտագործել, սեփական շահերին հասնելու եւ Թուրքիային վարկաբեկելու համար։

Ի տարբերություն նախորդ նույնաբովանդակ հայտարարություններին, Էրդողանն այս անգամ հայտարարել է, որ տեղահանությունը կանի։


Source: Yerkir Media
Link: «Թուրքիայում 100 հազարին մոտ հայեր կան, մենք էլ նրանց Հայաստան կուղարկենք». Էրդողան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image