Թուրքիան պատրաստ է խոցված ինքնաթիռի համար փոխհատուցել՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները լավացնելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ հղելը: Նախագահական պալատում խանութպանների եւ տաքսիստների հետ երեկոյան իֆթարի ճաշի ընթացքում իր ելույթում Էրդողանն ընդգծել է, որ ինքնաթիռի միջադեպի պատճառով հետընթաց են ապրել Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները, ինչի պատճառով էլ նամակ է հղել Պուտինին.

«Ինչպես գիտեք, ռուսական ինքնաթիռի հետ կապված ունեցանք խնդիր, որն առաջացրեց երկու պետությունների հարաբերություններում ճգնաժամ: Մենք քայլեր ենք ձեռնարկել այդ բացասական երեւույթը վերացնելու ուղղությամբ: Ուղարկածս նամակում թե՛ ափսոսանք հայտնեցի միջադեպի համար, թե՛ հիշեցրի տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների մասին»,- ասել է նա, շրջանցելով ներողություն խնդրելու մասին պաշտոնական Կրեմլի հայտարարությունը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն շուտով: Նախօրեին Կրեմլի պաշտոնական կայքում հայտնվել է Էրդողանի նամակի առաձին հատվածներ, ինչպես նաեւ հայտարարություն է արել Պուտինի խոսնակ Պեսկովը, ով շեշտել է, որ Էրդողանը ներողություն է խնդրել։

Ռուսաստանի հետ հարաբերություններին է անդրադարձել նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը.

«Նամակի բովանդակությունը շատ ակնհայտ է, մենք հայտնում ենք մեր վիշտը, ասում ենք, որ կիսում ենք զոհվածների ընտանիքի ցավը: Հայտնում ենք, որ եթե անհրաժեշտ է, կփոխհատուցենք: Այս հարաբերությունները սրանից հետո պետք է կարգավորվեն»,- ասել է Յըլդըրըմը: Նա հայտնել է նաեւ, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում Պուտինի եւ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց կլինի:

Ռուասաստանից բացի, Էրդողանն իր ելույթում անդրադարձել է նաեւ Իսրայելի հետ հարաբերույթունների կարգավորմանը։ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան Իսրայելին ներկայացրել է 3 նախապայման, որոնք «բոլորն էլ կատարվել» են:

Էրդողանը հիշեցրել է, որ իրենք պահանջել են ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել ու վերացնել Գազայի հատվածի շրջափակումը: Էրդողանը խոստովանել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի ճնշման ներքո 2013 թվականին ներողություն է խնդրել Թուրքիայից.

«Մեր երկրորդ պահանջը փոխհատուցում վճարելն էր: Իսրայելը մեր 10 զոհված յուրաքանչյուր քաղաքացու ընտանիքին վճարելու է 2 միլիոն դոլար»:

3-րդ նախապայմանի հետ կապված` Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնվել է Գազայի հատվածի բնակիչների կենսամակարդակը բարձրացնելուն: Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահին համաձայնության կայացման համար։


Source: Yerkir Media
Link: Թուրքիան պատրաստ է խոցված ինքնաթիռի համար փոխհատուցել՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները լավացնելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image