Թրամփը ազատել է գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ իր հրամանագիրը չպաշտպանելու համար
January 31, 2017
ԱՄՆ-ի արդարադատության ժամանակավոր ղեկավար եւ գլխավոր դատախազ Սալլի Եթսը, որը գերատեսչությունը գլխավորում էր Բարաք Օբամայի նախորդ վարչակազմի օրոք, աշխատանքից հեռացվել է նոր նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նախարարությունը ղեկավար է նաշանակվել Վիրջինիայի նահանգի Արեւելյան օկրուգի դատախազ Դանա Բոենտեն:
Եթսը պետք է իր պարտականությունները կատարեր մինչեւ նոր ղեկավարի նշանակումը, սակայն հունվարի 30-ին հայտարարել է, որ հրաժարվում է պաշտպանել ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագիրը:
Նախարարության աշխատակիցներին հղած փաստաթղթում Եթսը հայտարարել է, թե համոզված չէ Թրամփի հրամանագրի օրինականության հարցում: Նրա խոսքով՝ ինքը վստահ չէ, որ կենսագործելով նախագահի որոշումը, գերատեսչությունը չի խախտի «արդարությունն ու իրավունքը պաշտպանելու» իր պարտավորությունը:
Ավելի վաղ Թրամփը արդարադատության նախարարի եւ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է հանրապետական սենատոր Ջեֆ Սեշնսին: Նա առայժմ հաստատված չէ Սենատի կողմից:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր: