Ինչպես ասում են` ոչ ոք ոչնչից ապահովագրված չէ: Երբեք չես կարող իմանալ հաջորդ քայլափոխիդ ինչ է սպասվում քեզ, թե ինչպես են քո կյանք անկոչ հյուրի նման դուռն առանց թակելու մտնում փորձանքներն ու պատատահարները: Եթե այս ամենին հետևում է նաև ոստիկանական բաժանմունք հայտնվելը, ապա գործն էլ ավելի է բարդանում՝ լրջության պահանջով:
Շատ են հանդիպում իրավիճակներ, երբ մարդը, հայտնվելով ոստիկանությունում, որպես մեղադրյալ առաջին հարցաքննության ժամանակ տալիս է այնպիսի ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք արմատապես փոխվում են նախաքննության ավարտին կամ գործի դատական քննության փուլում:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը նշում է, որ շատ դեպքերում դատարաններն արժանահավատ են համարում սկզբնական ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ սկզբնական շրջանում որևէ ճնշում անձի վրա չի կիրառվել, ինքնակամ է տվել ինքնախոստովանական ցուցմունքներ. «Լինում են նաև իրավիճակներ, որ սկզբնական ցուցմունքները կամ բացատրությունները տալիս են առանց փաստաբանի մասնակցության կամ ներկայության: Հետո երբ ներգրավվում է փաստաբան, նրանք տալիս են այլ ցուցմունքներ, մասնավորապես ասում են, որ չունեն որևէ առնչություն դեպքի հետ»:
Երբ առաջին անգամ են հայտնվում ոստիկանությունում կամ քննչական կոմիտեում, հոգեբանական մեծ լարվածություն է առաջանում: Այդ իրավիճակում ադեկվատ լինել գրեթե հնարավոր չէ: Մարդը կարող է այնպիսի բաներ ասել, որոնք հետագայում հնարավոր է ճակատագրական դառնան:
«Ցանկալի է, որ անձը ներկայանա փաստաբանի հետ: Փաստաբանի ներկայությունը կարևոր է: Նա տիրապետում է մասնագիտական գիտելիքների. այդպիսով ավելի արդյունավետ պայմաններ են ստեղծվում անձի իրավունքների իրացման, օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու առումով: Օրինակ՝ ավտոմեքենա արդյոք նստել է իր կամքով, թե իր կամքին հակառակ: Մեկ-երկու բառի տարբերությունը շատ էական ազդեցություն կարող է ունենալ մեկ այլ անձի ճակատագրի կամ հենց իր ճակատագրի վրա»,-ասում է Տիգրան Ղազարյանը:
Փաստաբանը խորհուրդ է տալիս լրացուցիչ խնդիրներից խուսափելու և իրավիճակով պայմանավորված նոր բարդություններ չառաջացնելու նպատակով մինչև փաստաբանին դիմելը, չստորագրել որևէ փաստաթղթի տակ, չտալ որևէ ցուցմունք, բացատրություն, չանել որևէ հայտարարություն, պահպանել լռություն, չդիմադրել և վեճի չբռնվել իրավապահների հետ, իրավապահներից պահանջել փաստաբանի մասնակցություն:
«Սկզբնական փուլում խնդիրները կանխարգելելու դեպքում, հետագայում դրանք լրացուցիչ բարդությունների չեն բերի: Օրինակ, եթե անձը սկզբնական փուլում տվել է ինքնախոստովանական ցուցմունք սթրեսով, հոգեբանական լարվածությամբ պայմանավորված, այնուհետև երբ հասկանալով իրավիճակը սկսում է ներկայացնել օբյեկտիվ ճշմարտությունն ըստ իրեն, ապա տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինն արդեն խնդիր ունի պարզելու, թե որ ցուցմունքներն են ավելի արժանահավատ: Իսկ եթե անձը սկզբնական փուլում պահպանի լռություն, ապա խորհրդակցելով մասնագետի հետ՝ կկատարի գործողություններ, ինչը կբխի իր շահերից»,-ասում է Տիգրան Ղազարյանը:
Source: Yerkir Media
Link: Ի՞նչ անել, երբ հայտնվում եք ոստիկանական բաժանմունքում